Ըստ պաշտօնական տուեալներու, մինչ օրս Դիմադրութեան շարժման աւելի քան 2100 մասնակից բերման ենթարկուած է Ոստիկանութեան տարբեր բաժանմունքներ: Այս մասին իր ֆէյսպուքեան էջով գրած է «Դիմադրութիւն» շարժման համակարգող, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթէլեանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Ըստ պաշտօնական տուեալների, մինչ օրս Դիմադրութեան շարժման աւելի քան 2100 մասնակից բերման է ենթարկուել Ոստիկանութեան տարբեր բաժանմունքներ: Սակայն մենք գիտենք, որ ոչ բոլոր բերման ենթարկուածներն են փաստաթղթաւորուել Ոստիկանութեան կողմից: Իրականում բերման ենթարկուածների թիւը մօտ 2500 հոգի է:
Ապրիլի 25-ից սկսած` ձերբակալուել են 48 արժանապատիւ քաղաքացիներ: Նրանցից 24-ը կալանաւորուել են: Հէնց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդութիւններ:
Փաստ է, որ «ժողովրդավարութեան բաստիոն»-ում կան մօտ 5 տասնեակ քաղբանտարկեալներ (ներառեալ մինչեւ շարժումը կալանաւորուածները):
Ձերբակալուած եւ կալանաւորուած քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրաւաչափ:
Սրան զուգահեռ, ամբողջ համացանցն ու մամուլը ողողուած են ոստիկանների ապօրինութիւնների, վայրագութիւնների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով: Չնայած դրան` ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատուութիւն չի կրել իր յանցանքների համար: Եւ սա էլ է խօսուն փաստ «նիկոլական ժողովրդավարութեանէ մասին:
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանը բռնապետութեան չի վերածուելու: Հայաստանում Ոստիկանութիւնը ծառայելու է օրէնքին եւ օրինականութեանը, այլ ոչ թէ բռնապետի մոլուցքով խելագարին: Հայաստանը լինելու է արժանապատիւ քաղաքացիների երկիր եւ ոչ թէ ոստիկանական կոնցլագեր:
Վաղը ժամը 19:00-ին հաւաքւում ենք Ֆրանսիայի հրապարակում: Մենք պէտք է ցոյց տանք, թէ ով է Հայաստանի իրական տէրը: Մենք պէտք է ցոյց տանք, թէ որոնք են Հայաստանի իրական արժէքները: Մենք պէտք է ցոյց տանք, թէ ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ:
Եւ ուրեմն, Յունիսի 6-ին, ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակ:
Աստծով, ոգով, մինչեւ վերջ»: