image
Հրատապ լուրեր:

Միայն հաւասարութեան կանոնով. Միրզոյեան կարեւորած է տարածքային ապաշրջափակումը

Միայն հաւասարութեան կանոնով. Միրզոյեան կարեւորած է տարածքային ապաշրջափակումը

Մարտ 2-ին Անթալիոյ դիւանագիտական ֆորումի շրջածիրէն ներս Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեանը մասնակցած է «Միջազգային առեւտուր, կապեր եւ փոխկապակցուածութիւն» թեմայով փանէլային քննարկման։

Նախարար Միրզոյեանը հանդէս եկած է ելոյթով, ուր մասնաւորապէս նշած է․

«Փոխկապակցուածութեան, միջազգային առեւտրի եւ տարանցման ընդլայնմանն ուղղուած մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կը յանգեցնի մարդկանց միջեւ շփումների աւելացմանը, փոխկապակցուածութեան եւ փոխադարձ կախուածութեան խորացմանը, շահաւէտ կը լինի տնտեսական տեսանկիւնից։ Լինելով դէպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանում մենք աւելի լաւ ենք հասկանում միջազգային առեւտրի եւ կապերի կարեւորութիւնը։ Մենք ոչ միայն դէպի ծով ելք չունենք, այլեւ առկայ չորս հարեւաններից միայն երկուսի հետ բաց սահման ունենք․ միւս երկու հարեւանների հետ մեր սահմանները փակ են շուրջ երեք տասնամեակ շարունակ, սակայն սա, կարծում եմ, այլ քննարկման թեմայ է։ Այս քննարկման համար, կարծում եմ, բաւական կը լինի նշել, որ մենք բանակցում ենք մեր երկու հարեւանների հետ յարաբերութիւնների հաստատման եւ սահմանների բացման շուրջ։

Ինչպէս նշեցի, խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական եւ քաղաքական։ Մենք հաւատում ենք, որ աճող փոխկախուածութիւնը շահաւէտ է ոչ միայն տնտեսական տեսակէտից, այլեւ, ինչպէս արդէն նշեցի, յանգեցնում է փոխկախուածութեան, որն իր հերթին մեծ գործօն է դառնում խաղաղութեան հասնելու ճանապարհին»։

Զարգացնելով տարածաշրջանային կապուածութեան թեման՝ նախարար Միրզոեանը աւելցուցած է.

«Մենք հաւատում ենք, որ մեր տարածաշրջանում սա կարող է որոշիչ դեր խաղալ եւ ցանկանում ենք ներգրաւուած լինել տարածաշրջանային տարանցիկ ուղիներում, առեւտրում եւ այլն։ Այդ նպատակով մենք մշակել ենք «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագիրը , որի վերնագրից արդէն դուք կարող էք հասկանալ, որ այն ոչ միայն տնտեսական բնոյթ է կրում, այլ, ինչպէս նշեցի, կարող է տարածաշրջանում պոտենցիալ խաղաղութեան հաստատման գրաւական հանդիսանալ։ Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում այս ենթակառուցուածքների բացման համար, եւ ես հիմա կը ներկայացնեմ դրանք. հիմնուած լինելով արդարացի պնդումների վրայ, դրանք կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։

Այսպիսով առաջին սկզբունքն այն է, որ ապաշրջափակուող ենթակառուցուածքները պէտք է մնան այն պետութեան ինքնիշխանութեան ներքոյ, որի տարածքով դրանք անցնում են։ Սա կարող է բնական թուալ, սակայն, երբ խօսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, մանրուքները կարեւոր են։

Երկրորդ սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցուածքները պէտք է գործեն պետութիւնների ազգային օրէնսդրութեան համապատասխան։ Կը ցանկանայի նշել նաեւ այդ գործընթացների հնարաւոր դիւրացման մասին. մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք պէտք է դիւրացնենք գործընթացները։ Այսպիսով, եթէ կայ քաղաքական կամք, մենք միշտ էլ կարող ենք լուծումներ գտնել»։

Ամփոփելով իր խօսքը՝ նախարար Միրզոյեանն աւելցուցած է․ «Տարածաշրջանային ենթակառուցուածքների ապաշրջափակումը պէտք է տեղի ունենայ հաւասարութեան եւ փոխադարձութեան սկզբունքներու հիման վրայ։ Օրինակ, ես չեմ կարող իմ իրաքցի գործընկերոջից պահանջել օգտուել իր երկրի երկաթգծից՝ միեւնոյն ժամանակ մերժելով ցուցաբերել փոխադարձութիւն։ Այսպիսով, կան մարնամասներ, որոնց վրայ կարող ենք միասին աշխատել, եթէ կայ քաղաքական կամք, եւ մենք՝ Հայաստանն, աւելի, քան պատրաստ ենք»։