image

Մեռեալ ծնունդ փոքրիկին հարցով մեղադրանք՝ բժիշկներուն

Մեռեալ ծնունդ փոքրիկին հարցով մեղադրանք՝ բժիշկներուն

«Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» հիւանդանոցին մէջ նախօրէին մահացած նորածինի հարազատները փոքրիկի մահուան համար կը մեղադրեն բժիշկները: Նորածինի հայրը՝ Սուրէն Սահակեան, վստահ է, որ ծննդատան բժիշկներու անփութութեան հետեւանքով իր տղան մահացած ծնած է։

Բուժկեդրոնի այն պարզաբանումը, թէ ծննդկանը յղիութեան ընթացքին ունեցած է որոշակի խնդիրներ, գանգատներ, եւ ծննդաբերութեան օրն ալ՝ առաւօտեան դիմած է ծննդատուն` ըսելով, որ պտուղի խաղը չի զգար, հարազատները NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ հերքած են: Անոնք վրդոված են բժշկական կեդրոնի նման պարզաբանումէն:

Հարազատները յանցագործութեան մասին հաղորդում ներկայացուցած են, նախաձեռնուած է վարոյթ՝ մասնագիտական անփութութեան յատկանիշներով։

Սուրէն Սահակեանը պատմած է, որ յղիութեան ընթացքին կնոջ մօտ առաջացած է գերջրութեան քանակի բարձր ըլլալու խնդիր, բժիշկի կողմէ որոշուած է տասը օրը մէկ անոր հետազօտութեան կանչել.

«Կինս 8,5 ամսական յղի էր։ Ամէն անգամ ասում են, որ պտղի հետ կապուած ոչ մի խնդիր չկայ։ Գալիս, հասնում ենք օգոստոսի 9-ին, ասում են՝ ջրերի քանակը նորից բարձր է, 27 է, վաղն արի, որ պառկես. այդ ժամանակ պտուղը դառնում է 37 շաբաթական։ Գալիս ենք օգոստոսի 10-ի առաւօտեան՝ 9։30-ի սահմաններում, ստուգում են ջրերի քանակը, ասում ՝ 22 է դարձել. չեմ հասկանում, թէ ինչպէս է 27-ից յաջորդ օրը 22 դարձել։ Նորից հետազօտութիւն են իրականացնում, երեխայի լուսանկարն են տալիս, երեխայի բոլոր օրկանները նորից նայում են, երեխայի շարժը նայում են եւ ասում են՝ ամէն ինչ նորմալ է։ Դրանից յետոյ ես գնում եմ աշխատանքի, եւ կինս զանգահարում, ասում է՝ ինձ տանում են ծնարան. դա ժամը 13։00-ի կողմերն էր։ Գնում եմ ծննդատուն, ասում են՝ ամէն ինչ նորմալ է, մի անհանգստացի, ուղղակի այսպէս էր պէտք, որ նորմալ լինի։ Երկու ժամ անցնում է, բայց նորութիւն չկայ, այնտեղ տեսնում եմ իր բժշկին Սիւզաննա Կարապետեանին, որն արձակուրդի մէջ էր, մօտենում եմ, հարցնում եմ՝ ի՞նչ կայ, բժշկուհի ջան, ասում է՝ նորմալ է ամէն ինչ, մի անհանգստացի, 2-3 ժամուայ մէջ կը ծնի։ Այնտեղ ծանօթներից մի քանիսն ասում են՝ եթէ 12։00-ից ջրերը թողել են, գնացել է, այսքան չի կարելի թողնել, ասում են՝ ասա, թող միացնեն սիստեման, ես ասում եմ՝ սիստեման ասէք՝ բժիշկները միացնեն, ինձ ասում են՝ մենք գիտենք՝ ինչ ենք անում։ Ինձ ասացին՝ գնայ, 23։00-ի կողմերը նոր արի, կ'ասենք՝ երբ կը ծնվի։ Գնում եմ տուն, կինս 20։00-ի կողմեր զանգում է ինձ եւ ասում, որ 21։00-ին նոր սիստեմա են ինձ միացնելու»։

Նորածինի հօր խոսքով՝ մի քանի ժամ անցնելէ ետք, իրեն զանգած է վիրահատող բժիշկն ու յայտնած, որ երեխայի սրտի զարկերու աշխատանքը դանդաղած է, պէտք է շտապ վիրահատութեան անցնին. «Ես էլ ասացի՝ վիրահատէք, եթէ պէտք է, ասաց՝ ես վիրահատում եմ, 1 ժամից անցած կը լինի։ Գնացի հիւանդանոց, տեսնում եմ, որ ոչ ոք ինձ ոչինչ չի ասում։ Մինչեւ 22։00-ը տեսայ նորից արձակուրդի մէջ գտնուող բժշկուհուն, շատ շտապ վազելով, բարձրացաւ վերեւ, մի 3-4 րոպէ յետոյ մի կին դուռը բացեց, թէ բժիշկների սենեակ մօտեցէք։ Գնացի բժշկի սենեակ, վիրահատող բժիշկն ասաց՝ մամայի հետ ամէն ինչ նորմալ է, պտուղը չկարողացանք փրկել։ Ասում են՝ սրտի աշխատանքն ընկել է, հանել ենք երեխային մահացած։ Սակայն մինչեւ վիրահատելը իրենք սրտի աշխատանքը լսել են, ամէն ինչ նորմալ է եղել։ Բժիշկն ինձ այնքան վստահ էր այդ օրն ասել՝ արի, ամէն ինչ լաւ կը լինի, որ 21։20-ի կողմերը վիրահատութեան ընթացքում կնոջս ասում են՝ դու ժամին նայի, որ երեխու ծնունդը ֆիքսես, թէ որ րոպէին ծնուեց»։

Դէպքէն ետք հարազատներուն բժիշկները որեւէ յստակ բացատրութիւն չեն տուած, թէ ինչու նորածինը մահացած ծնաւ. «Ոչ մէկ մինչեւ ծնուելու օրը չի տեղեկացրել, որ կարող է այսպէս լինէր։ Վիրահատող բժշկին հարցնում եմ՝ բա բժիշկ, ինչո՞ւ շուտ չէիք անում վիրահատութիւնը, եթէ մէկ ժամ շուտ անէիք, երեխան կը փրկուէր, ինձ ասում է՝ ցուցում չեն տուել, ասում է՝ երեք պատասխանատու բժիշկ կայ՝ Դաւթեան Հայկանուշ, Երիցեան Կարինէ եւ միւսինը չեմ յիշում։ Ինչի՞ց էք որոշել, որ ժամը 21։00-ին պէտք է սիստեման միացնէք, հարցերին պատասխան չկայ։ Մի քանի հոգով թիմ դարձած ինչ-որ խառը բաներ են խօսում, ոչ մի յստակ պատասխան չեն տալիս»։

Նշենք, որ Ոստիկանութեան լրատուական բաժնէն յայտնած են, որ նշանակուած է դատաբժշկական փորձաքննութիւն։ Կ'ընթանայ նախաքննութիւն։