image

Լաթաքիայում էլեկտրականություն եւ ջուր չկա, քաղաքում զգուշավոր վիճակ է․ Աղբյուր

Լաթաքիայում էլեկտրականություն եւ ջուր չկա, քաղաքում զգուշավոր վիճակ է․ Աղբյուր

«Արեւելք»-ի Լաթաքիայի աղբյուրը հաղորդում է, որ Լաթաքիա քաղաքում երեկ եւ այսօր իրավիճակը հանդարտ է եղել: Լարվածությունը հիմնականում քաղաքից դուրս է, ուր նախկին նախագահի կողմնակիցներն ու ներկա իշխանական բանակը շարունակում են բախումները։

Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ Լաթաքիայի շրջանում հայությունը խառն է բնակվում, Հալեպի պես կենտրոնացած չէ ինչ-որ թաղամասերում, մյուս համայնքերի հետ ցրված է գրեթե բոլոր բնակավայրերում, այդ պատճառով էլ Լաթաքիայի հայության ընդհանուր ապահովությունը դժվար է կազմակերպել։  Սակայն հայտարարված է, որ տներից դուրս չգան, հատկապես՝ երեկոյան եւ գիշերը։ 

Տեղեկացանք, որ Լաթաքիա քաղաքում ջուր եւ էլեկտրականություն չկա․ էլեկտրականության կայանները  բախումների հետեւանքով հարվածներ են ստացել, այդ պատճառով նաեւ ջրամղման համակարգը չի աշխատում։ Քաղաքից դուրս տանող ճանապարհները փակ են, դրսից էլ հնարավոր չէ ջուր բերել, ինչը դժվարություններ է հարուցում։

Լաթաքիայում աշխատում են հացի փռերը, ինչը փրկություն է քաղաքում փակված մարդկանց համար։ 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Լաթաքիայում նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են․ այնուամենայիվ, մարդիկ ջանում են ուտելիք ամբարել, քանի որ անորոշություն կա։ 

 

Մեր աղբյուրը նաեւ հաղորդեց, որ Լաթաքիայի հայ բնակչության մասին դժվար է միանշանակ ասել՝ ցանկանո ՞ւմ են տեղափոխվել Հայաստան, թե ՞ ոչ։ Ավելի հակված են հանգրվանելու մոտակա ապահով վայրերում, մինչեւ իրավիճակը կայունանա։ «Լաթաքիայի հայութունն այստեղ արմատներ նետած, ծովային եւ լեռնային կլիմային, բնությանը սովոր մարդիկ են, տուն-տեղ ունեցողներ, նրանց մեջ հնաբնակներ շատ կան,  ուստի դժվար է միանգամից ամեն ինչ թողնել եւ հեռանալ»,-ասում են հայերից ոմանք։ 

Տեղեկացանք նաեւ, որ Լաթաքիայի նահանգապետարանը միշտ հորդորում է բնակիչներին՝ խուճապի չմատնվել եւ փոխանցել իրենց կարիքները։

Համայնքային կառուցներն էլ իրենց հերթին սննդակողովներ են հասցնում հայության ամենաանապահով խավերին։ 

Դժբախտաբար, ինչպես հաղորդեց Լաթաքիայի մեր աղբյուրը, խաղաղ բնակչության շրջանում սպանությունների մասին լուրերը չափազանցված չեն, սակայն հատկապես հայությունը զգուշավորությամբ է մոտենում այդ լուրերին։  Զոհերի թիվը մեծ է նաեւ կառավարական ուժերում։ 

Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի նախագահի որոշմամբ ստեղծվել է մարտի  6-ից ծովափնյա շրջաններում կատարվածը քննելու ազգային անկախ մարմին,  որն ամենայն մանրամասնությամբ քննելու է դեպքերը եւ դատական պատասխանատվության  է կանչելու երկու կողմերի մեղավորներին։ 

Անհատներից եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված անկախ մարմինը երեք շաբաթվա ընթացքում թղթապանակ է ներկայացնելու երկրի նախագահությանը։ 

Այսօր բախումների շրջան է հասել նաեւ ՄԱԿ-ի պատվիրակությունը, որ տեղում պիտի ծանոթանա իրավիճակին։