Սյունակներ գրում եմ 2010 թվականից ի վեր և անցնող տարիների ընթացքում դրանցում մեծամասամբ անդրադարձել եմ քաղաքական թեմաների։ Իհարկե եղել են նաև բացառություններ, բայց դրանք, գրեթե միշտ, ավելի քիչ հետաքրքրություն են առաջացրել ընթերցողի մոտ, քան Էրդողանի հերթական ավտորիտար քաղաքական քայլի կամ Թուրքիայում իսլամի ու ազգայնականության աճի մասին գրառումներս։ Պատճառը հասկանալի է. Թուրքիան չափազանց կարևոր է մեզ համար՝ չնայած հայ-թուրքական փակ սահմանի առկայությանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։
Ավելին, մենք բոլորս շարունակում ենք ուշի ուշով հետևել հայկական համայնքի կյանքին Պոլսում (այո՛, մենք շարունակում ենք Ստամբուլը անվանել Պոլիս, որը ինքնին շատ խոսուն հանգամանք է), սուր արձագանքում ենք հակահայկական դրսևորումներին ու հայկական ահռելի մշակութային ժառանգության դեմ հերթական վանդալիզմի մասին լուրերին։ Այս առումով հատկապես հետաքրքրական է, թե որքան հետևողականորեն ենք մենք անդրադառնում Պոլսո հայոց պատրիարքության շուրջ ծավալվող ոչ այքան դուրեկան ու երբեմն խիստ զայրացնող լուրերին։
Սակայն նկատել եք արդյո՞ք, որ մենք Պոլիսն ու պոլսահայությանը ընկալում ենք որպես միատարր մի երևույթ, որը ի զարմանս և ի հեճուկս մեզ՝ չգիտես ինչու երբեմն անընդունելի երանգներ է ստանում, իսկ երբեմն՝ բոլորովին անընկալելի դառնում։
Մինչդեռ մենք Պոլիսը չգիտենք։
Այս առումով մենք բոլորս նման ենք 19-րդ դարավերջի ու 20-րդ դարի սկզբի պատմաբաններին (իսկ մեզ մոտ նույնիսկ այսօր կան այդպիսի մասնագետներ), ովքեր զբաղվում են գերազանզապես «մեծ մարդկանց» պատմությամբ՝ թագավորներ, արքայազներ, զորահրամանատարներ, երբեմն էլ՝ վերջիններիս սիրուհիների պատմություններ և արկածներ։ Այս խնդիրը պատկերավոր նկարագրել է իտալացի հռչակավոր պատմաբան Կառլո Գինզբուրգը իր «Պանիր և որդեր» հայտնի գրքի նախաբանում. «Պատմաբաններին մինչև վերջերս կարելի էր մեղադրել նրանում, որ նրանք ցանկություն չունեն զբաղվել որևէ այլ բանով, քան արքայական տան ներկայացուցիչների գործերը։ Հիմա դա այդպես չէ։ Նրանք ավելի հաճախ են անդրադառնում այն թեմաներին, որոնց մասին նրանց նախորդ սերունդները լռում էին, անտարբերության էին մատնում կամ էլ պարզապես չէին ցանկանում իմանալ։ «Ո՞վ է կառուցել Յոթնադուռ Թեբեն (հին հունական հռչակավոր քաղաք –հեղ.), - հարցնում էր Բրեխտի բանվոր ընթերցողը։ Աղբյուրները ոչինչ չեն ասում այդ անանուն շինարարների մասին, սակայն հարցը դեռ բաց է մնում»։
Ահա մոտավորապես այդպես ենք մենք դիտարկում Թուրքիայի խոշորագույն քաղաքում ապրող հայությանն ու դրա խնդիրները՝ լսելով ու խոսելով բացառապես տեղապահ Աթեշյանի, պատգամավոր Փայլանի կամ էլ վտարանդի արկածախնդիր ու տաղանդավոր մտավորական Սևան Նշանյանի մասին։ Սակայն այն բազմաթիվ անանուն պոլսահայերը, որոնց ճակատագրի մասին մենք սիրում ենք դատել երևանյան պատշգամբներից, մեզ համար մնում են անհայտ։ Վերոհիշյալ իտալացի պատմաբանը այս առիթով հավանաբար կասեր. «Իսկ ի՞նչ գիտենք մենք նրանց մասին, ովքեր կարդում են «Ագոս», «Ժամանակ» թերթերն ու Պոլսում հայկական պատարագի մասնակցում»։
***
Այս մտորումները գլխումս պարբերաբեր հայտնվում են այն ժամանակ, երբ ամեն անգամ ֆեյսբուքում աչքիս հայտնվում է մի պոլսահայի էջի հերթական գրառումներից որևէ մեկը։ Այդ էջը կոչվում է «Կարոտ առ Գումգափուն» (Kumpakapıya Özlem)։ Գումգափուն, որի մասին շատերս լսել ենք միայն 1890թ. հնչակյանների կողմից կազմակերպած ցույցի շնորհիվ (այն նպատակ ուներ եվրոպական տերությունների ուշադրությունը սևեռել Հայկական հարցի վրա), Ստամբուլ-Պոլսի արևմտյան կողմում գտնվող թաղամասերից մեկն է։ Այն պոլսահայերի կենտրոններից է. բավական է նշել, որ այստեղ է գտնվում Պոլսո հայոց պատրիարքարանը, ինչպես նաև բազմաթիվ եկեղեցիներ ու դպրոց։
Հիշատակված ֆեյսբուքյան էջի հեղինակը Նազարեթ Դավիդյան անունով մի պոլսահայ է, որ պարբերաբար գրառումներ է անում հայտնի գումգափուցիների մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ չգիտեմ ինչ ճանապարհով գտել և հետևում եմ այս էջին։ Եւ դրա պատճառը ոչ միայն իմ մասնագիտական (թուրքագիտական) հետաքրքրությունն է Թուրքիայի հայության հանդեպ, այլ նաև որոշակի ոչ ռացիոնալ հետաքրքրությունը, որը մասամբ երազկոտ, մասամբ էլ թախծոտ բնույթ ունի։
Պարոն Նազարեթը էջում կիսվում է տարբեր տարիների ֆոտոարխիվով, որը ներկայացնում է Գումգափուի հայկական կյանքը, ներթաղային լուրերով, ներկայացնում է տարբեր հիշողություններ թաղամասի երբեմնի աշխույժ հայկական կյանքի մասին, փնտրում ու գտնում հեռու ու մոտ բարեկամների, որոնք տասնամյակներ առաջ ստիպված կամ ոչ այնքան հեռացել են Թուրքիայից։ Այդ էջում մի օր կարելի է տեսնել ինչ-որ դպրոցի ինչ-որ դասարանի ավարտական լուսանկար, որի տակ այդ լուսանկարում պատկերված արդեն մեծահասակ աշակերտները կիսվում են իրենց նոստալգիկ հիշողություններով, իսկ մի օր էլ ֆոտովարպետ Արա Գյուլերի արած մի լուսանկար հեռավոր 1952 թվականից, որում ներկայացվում են Գումգափուի հայ ձկնորսները (իմիջայլոց, մինչ այսօր էլ Գումգափու ասելիս մարդիկ առաջին հերթին հասկանում են ձուկ)։ Սակայն այս էջի ամենակարևոր արժեքն այն է, որ մենք ծանոթանում ենք Պոլսի հայերի սովորական օրվա, ապրումների ու զգացմունքների մասին։
\
Գումգափուի հայ ձկնորսները։ Լուսանկարի հեղինակ Արա Գյուլեր, 1952թ.
Ու մի քիչ էլ թախիծի մասին։ Պարոն Նազարեթը հաճախ է կիսվում այնպիսի լուրերով, որոնք հայտնում են որևէ հին գումգափուցու մահվան մասին։ Այդ մարդկանց մասին հեղինակը և էջի հետևորդները կիսվում են իրենց հիշողություններով, որոնք, ցավոք, խոսում են այն մասին, որ պոլսահայ համայնքի այդ կարևոր հատվածներից մեկը դանդաղորեն ավելի շատ վերածվում է հիշողության և պատմության։ Սակայն ավելի թախծոտ են այն գրառումները, որոնք ներկայացնում են Գումգափուն լքած հայերի մտորումները։ Տեսե՛ք, թե ինչպես է վերհիշում իր մանկության Գումգափուն Կանադայում բնակվող տիկին Անահիտը. «Մեր տան դիմաց, անկյունում, ամեն բան նույնն է մնացել, ոչ մի բան չի փոխվել, միայն հին գույնն է փոխվել ու այժմ վարդագույն է դարձել։ Ինջիրդիբիի հայ բողոքական դպրոց գնալու համար երեխաները մեր տան դիմացով էին անցնում-դառնում։ Մեր բոլոր հարևանները հիմնականում հայեր ու հույներ էին։ Ո՞ւր են այդ հին մարդիկ... Բոլորը գնացին, ցրվեցին, որևէ օտար երկիր գաղթեցին։ Բոլորը թողեցին իրենց տունն ու տեղը։ Ի՜նչ ցավոտ զգացողություն է, երբ մարդ թողնում, հեռանում է իր մանկության, երիտասարդության տարիների թաղամասից ու փողոցներից և ապա տարիներ հետո վերադառնում է ու իր ապրած տան դիմաց կարողանում է միայն մի լուսանկար անել։ Ցավալի է, բայց իրողություն...»։
Այս գրառումս ուղարկելու եմ պարոն Նազարեթին ու շնորհակալություն եմ հայտնելու, որ իր շնորհիվ, թեկուզ և թախիծով լի, սակայն կարողանում եմ իմանալ ոչ միայն Փայլանի ու Աթեշյանի, այլև հասարական գումգափուցիների՝ Արսեն Ջամքերթենի, Արշակ Միհջիօղլուի, Ջիջի Բեբե Գասպար և Արամ Գյուրեղյան եղբայրների, արաբկիրցի Զաքար Քոզլուքի, խոհարար Արամ Ջիթիրի, Նազար Թելֆեյանի, Գարաբեթ Բալըքչըօղլուի, Օղլու Մելքոնի, Հակոբ Քարաաբաջիի և իրենց նման մեզ բոլորովին անհայտ այլ հայերի մասին, որոնք ապրել, ապրում ու ապրելու են իրենց սիրելի Գումգափուում։
Դրվագներ Գումգափուի հայկական կյանքի անցյալից