Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը:
Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը, նիստերը վարեց Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:
Մայր Տաճարի հիմնանորոգութեան ընթացքի, Տաճարի օծման եւ Միւռոնօրհնութեան արարողութիւնների նախապատրաստման մասին Գհխ-ին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:
Ժողովականները գոհունակութեամբ արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգման եւ շրջափակի բարեկարգման աշխատանքները մօտենում են աւարտական փուլին: 2023 թուականին Մայր Տաճարի վերաբացման ու Միւռոնօրհնութեան արարողութիւնների եւ յարակից հոգեւոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծուեց յանձնախումբ:
Կարեւոր անդրադարձ կատարուեց ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանում եւ Արցախում ստեղծուած ծանր կացութեանը, քննարկուեցին Հայաստանի եւ Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականութեանը, ինքնիշխանութեանը, Արցախի ինքնորոշման իրաւունքի արդար պահանջատիրութեանը, առկայ իրավիճակում Եկեղեցու առաքելութեանը, ինչպէս նաեւ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին առնչուող հարցեր:
Քննարկումների արդիւնքում Գերագոյն հոգեւոր խորհուրդը հանդէս եկաւ յայտարարութեամբ:
Արցախեան 44-օրեայ պատերազմի եւ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների հետեւանքով զոհուած զինծառայողների եւ սահմանամերձ բնակավայրերից տեղահանուած ընտանիքների, վիրաւոր զինուորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացուող ծրագրերը ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը:
Տէր Հայրը ժողովականներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռի կողմից դրամական աջակցութիւն է ցուցաբերուել ռազմական գործողութիւնների ժամանակ զոհուած 195 զինուորականների ընտանիքներին: Առաջիկայում դրամական աջակցութիւն կը ցուցաբերուի նաեւ անհետ կորած, գերեվարուած զինուորականների ընտանիքներին եւ վիրաւորում ստացած զինուորականներին: Յիշեալ ծրագրի համար առաջին փուլով յատկացուել է 600.000 ԱՄՆ դոլար գումար: Ծրագրի շրջանակներում ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների ապահովուել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանուած ընտանիքների կեցութիւնը, տրամադրուել սննդի փաթեթներ:
Հայաստանի եւ Արցախի թեմերում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելութեան զօրացմանն ուղղուած ծրագրերի վերաբերեալ զեկոյցով հանդէս եկաւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունէութեան ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը:
ԳՀԽ անդամները, արժեւորելով հոգեւոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը եւ ազգային-հոգեւոր արժէքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրութիւնները կատարեցին նախագծի վերաբերեալ` յանձնարարելով մասնագիտական քննարկումների միջոցով լրամշակել եւ ամբողջացնել հայեցակարգը:
Գերագոյն հոգեւոր խորհուրդը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ եկեղեցականների պատրաստութեան, հոգեւոր կրթական հաստատութիւնների գործունէութեան առաւել աշխուժացման խնդրին: Այս առնչութեամբ որոշում կայացուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հաստատել առանձին յանձնախումբ` աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մէջ հոգեւոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգեւոր կրթութեան ապահովման ուղղութեամբ:
Գերագոյն հոգեւոր խորհրդում քննարկումներ ծաւալուեցին նաեւ տաղաւար տօների, սրբերի յիշատակութեան օրերի շրջանակներում հոգեւոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտութեան մասին` դրանց առաւել ժողովրդականութիւն հաղորդելու եւ համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով: Այս ուղղութեամբ եւս կայացուեցին համապատասխան որոշումներ:
Ժողովի ընթացքում քննարկուեցին նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովուական, թեմական եւ վարչական, կեանքին առնչուող հարցեր: