ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսպուքեան էջով գրած է․ ««Զօրքերը հայելային հետ քաշելու» կառավարութեան առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգութեան համար:
Առարկայական ապացոյցը ատրպէյճանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զօրքերի հայելային հետքաշման» կառավարութեան առաջ բերած գաղափարի արդիւնք են:
Այս գաղափարը դատապարտելի կերպով բերուեց հանրային տիրոյթ, գովազդուեց եւ դարձաւ ատրպէյճանանական շահերին ձեռնտու օրակարգի մաս:
Հետեւողականօրէն զրոյացւում են մեր գիւղերի մօտից ու համայնքների միջեւ ճանապարհներից ադրբեջանական զինուած ծառայողներին հեռացնելու հնարաւորութիւնները` անվտանգութիւնը մարդուց ու նրա իրաւունքներից կտրելով եւ ամէն ինչ մտցնելով ռազմաքաղաքական տանիքի տակ:
Վիճակն աւելի վատացրին ու շարունակում են վատացնել ՀՀ բարձրաստիճան ղեկավար պաշտօնեաներ, որոնք իրենց անպատասխանատու, քաղաքական շահերով պայմանաւորուած յայտարարութիւններով ատրպէյճանական իշխանութիւններին տուեցին զօրքերն ամրացնելու հիմքեր, սեփական քաղաքական շահերի համար անում եմ տարածքային իրաւազօրութիւնը Ադրբեջանին զիջող պաշտօնական յայտարարութիւններ` անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչութեան անվտանգութիւնը, կեանքի եւ միւս իրաւունքները:
Այս կերպ նաեւ խոցելի դարձուեցին մեր Զինուած ուժերի, Սահմանապահ զօրքերի եւ միւս ծառայողների կեանքն ու առողջութիւնը:
Այսքանից յետոյ արւում են յայտարարութիւններ, թէ ատրպէյճանական զինուած ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարզեզ:
Զուգահեռ, ատրպէյճանական զինուած ուժերն անպատժելիութեան մթնոլորտում շարունակում են յանցաւոր արարքները` մեր գիւղերի վրայ կրակոցներից մինչեւ հողատարածքների ու տների անօրինական զաւթումներ` դիտաւորութեամբ անհնարինութեան վերածելով մարդկանց կեանքը: Չի նուազել հայատեացութեան պետական հովանաւորութիւնը:
Կառավարութիւնն ինքը խօսափում է հասարակութեանը բացատրութիւններ տալուց. մինչեւ ո՞ւր եւ որքա՞ն են հետ քաշուելու մեր զօրքերը, ի՞նչ նկատի ունեն «զօրքերէ ասելով, ո՞ւմ յոյսին են մնալու սահմանային բնակավայրերը, ի՞նչ սկզբունքով է սահմանային բնակավայրերում դիտորդութիւն իրականացուելու կամ արդեօք իրականացուելու է եւ այլն:
Արդեօք «հայելային հետքաշումը» վերաբերում է միայն ադրբեջանական ներխուժումներին Գեղարքունիքում, Սիւնիքում, թէ նաեւ միւս բնակավայրերին: Եթէ վերաբերում է միայն ներխուժումներին, ապա ի՞նչ լուծումներ են լինելու միւս վայրերում մարդկանց անվտանգութեան, սեփականութեան ու այլ իրաւունքների համար եւ այլն: Սա կառավարութեան դատապարտելի պահուածք է:
Ընդ որում, անորոշութիւն է տիրում ոչ միայն Հայաստանում, Արցախում ու Սփիւռքում, այլ նաեւ միջազգային ասպարէզում:
Ուստի, «զօրքերի հայելային հետքաշումը» միայն քաղաքական գաղափար է, զուրկ է մասնագիտական հիմքերից եւ առկայ վիճակում իրական սպառնալիք է մեր Հայրենիքի, մեզնից իւրաքանչիւրի անվտանգութեան ու կենսական իրաւունքների համար»: