image

Ի՞նչ է ուզում Նիկոլը կամ` ո՞ւմ

Ի՞նչ է ուզում Նիկոլը կամ` ո՞ւմ

Բոլոր այն ուսանողների համար, որոնք այսօր դասի չեն գնացել, որպեսզի փողոց փակեն, բոլոր այն աշխատողների համար, որոնք այսօր աշխատանքի չեն գնացել, որպեսզի փողոց փակեն, լավ լուր ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի ձեզ բոլորիդ սիրում է: Ինքն է ասել, իմանալով, որ Հերացի փողոցը ուսանողները փակել են, հայտարարել է, որ սա հաղթանակ է, եւ ինքը փակողներին սիրում է: Եթե փողոց փակողներին սա բավարարում է, այսինքն, եթե նրանք քաղաքացիական անհնազանդության տվյալ դրսեւորումն էին ընտրել՝ հանուն Նիկոլ Փաշինյանի սիրուն արժանանալու, ապա կարելի է ցրվել տներով, իսկ եթե այս ամենի նպատակը ոչ թե Նիկոլի կողմից սիրվելն է, այլ հեղափոխությունը, ապա շարունակենք:

Նախ մի հարց, ի՞նչ է ուզում Նիկոլը: Ես հասկանում եմ, որ մարդիկ պայքարում են՝  ռեժիմի դեմ, որի ճիրաններում արդեն տասնամյակից ավելի է միայն թպրտում ենք, այդ թվում՝ Նիկոլը, ի դեպ, ու վերջինս մեզ պայքարի է հանել՝ հանուն մեր երազանքների Հայաստանի, որտեղ մետրոնները չեն խցանվում, ճանապարհները չեն փակվում, աղքատները չկան ու կոռուպցիա չկա, ոստիկաններն էլ բոլորը ժպտում են, ու այս համապատկերում դավաճանաբար է հնչում հարցս, բայց ամեն դեպքում, կրկնեմ՝ ի՞նչ է ուզում Նիկոլը: Եթե ճիշտ եմ հասկանում նա ուզում է, որ Հայաստանի վարչապետը Սերժ Սարգսյանը չլինի: Լավ, ենթադրենք ՀՀԿ-ն ընդառաջ է գնում Նիկոլին ու հայտարարում է, որ Սերժ Սարգսյանին է՛լ չի առաջադրում, որոշումը փոխում են, բա ո՞ւմ առաջադրի: Օրինակ Նիկոլ Փաշինյանը կուզենա՞, որ ՀՀ վարչապետը դառնա Շարմազանովը, կամ Աշոտյանը, գուցե նա Գալուստ Սահակյանի՞ն է ուզում, կամ էլ օրինակ՝ Հերմինե Նաղդալյանին: Չէ, ես չեմ ուզում մտածել, որ Նիկոլն ուզում է, որ ՀՀ վարչապետը լինի Առաքել Մովսիսյանը կամ Սամվել Ալեքսանյանը կամ գեներալ Մանվելը… Մի խոսքով, եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: Մարդիկ, նկատի ունեմ ՀՀԿ-ն, փոխել է Սահմանադրությունը, ըստ որի երկրի գերագույն գլխավորն այսուհետ դառնում է վարչապետը, որի թեկնածությունը կարող է առաջադրել միայն խորհրդարանական մեծամասնությունը, ապա հաղթել է խորհրդարանական ընտրություններում, որի արդյունքներն ընդունել է Ելք դաշինքը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ով հենց այդ ընտրությունների արդյունքում էլ այսօր ԱԺ պատգամավոր է: Հիմա, եթե ԱԺ-ն լեգիտիմ է, ուրեմն ՀՀԿ-ն ու միայն նա իրավունք ունի առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, ընդ որում՝ նրան, ում ինքն է ուզում: եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ապա Ելք-ի ամբողջ կազմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լեգիտիմ պատգամավորներ չեն, ՀՀԿ-ն էլ չէ, բայց Ելք-ն էլ չէ: Եվ ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա նա պետք է դեմ լիներ սահմանադրական փոփոխություներին, հենց այդ ժամանակ փողոցներ փակել, հենց այդ ժամանակ Գյումրի-Երեւան քայլերթ աներ, հենց այդ ժամանակ քաղաքացիներին փողոց հաներ եւ վերջապես հենց այդ ժամանակ մորուք պահեր: Չի արել: Նիկոլ Փաշինյանը կարող էր նաեւ չընդունել ԱԺ ընտրությունների արդյունքները, չվերցներ պատգամավորի մանդատը, չնստեր միեւնույն դահլիճում այն մեծամասնության հետ, որոնք երկիրն ու իրենց չեն պատկերացնում առանց Սերժ Սարգսյանի ու հանգիստ գնար երկրի քաղաքներում քայլելու եւ քայլեցնելու, դա էլ չի արել: Հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է ու ասում է, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանը չի հանձնում իշխանությունը, եկեք չթողնենք: Ազնի՞վ է…

Ամեն դեպքում կամ մյուս կողմից, պայքարը ճիշտ է, պայքարը միշտ ճիշտ է: Իշխանությունը ցանկացած երկրի ու յուրաքանչյոր ժամանակաշրջանում միշտ պետք է դժգոհությունն ու ճնշումը զգա սովորական մարդկանց, որպեսզի բռնապետություն չդառնա, քանի դեռ բռնապետության չի վերածվել: Ցանկացած իշխանություն,  անգամ եթե Նիկոլը դառնա իշխանություն, նա էլ գիտակցված կամ ակամայից գնալու է դեպի բռնապետություն: Դա թույլ չտվողը փողոցն է, հենց այն փողոցները, որոնք այսօր փակվել են ու մեզ ուշացրել աշխատանքից:

Իսկ հեղափոխությունը… Անձամբ ես կարծում եմ, որ այն լավ բան չէ, առնվազն թերի է: Նախ, քանի որ աշխարհում չի եղել մի հեղափոխություն, որից հետո նորն անելու ցանկություն չառաջանա: Բացի այդ եւ ամենակարեւորը, ցանկացած հեղափոխություն հանցագործություն է, եթե չի հաղթում: Կհաղթի՞ Նիկոլը, չգիտեմ, բայց քանի դեռ նա չի հաղթել… Համաձայն ՀՀ Սահմանադրության վարչապետի թեկնածու կարող է առաջադրել բացառապես ԱԺ մեծամասնությունը եւ սրան համաձայնել է նաեւ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Հովիկ Աֆյան

Հովիկ Աֆյան

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան ք...