image

«Իմ աղջիկը քաջ էր». Սոնա Մնացականեանի հայր

«Իմ աղջիկը քաջ էր». Սոնա Մնացականեանի  հայր

Դատախազութիւնը վերաքննիչ բողոք ներկայացուցած է` Լէօ-Պարոնեան ճանապարհին յղի կնոջ` Սոնա Մնացականեանի` մահուան ելքով արկածի գործով մեղադրեալ ՃՈ ծառայող Արամ Նաւասարդեանը կալանաւորելու միջնորդութիւնը մերժելու որոշման դէմ: Բողոքի քննութեան օրը դեռ յայտնի չէ:

Պաշտպանական կողմը արդէն պատրաստած է բողոքի դէմ առարկութիւնները: Այս մասին յայտնեց Արամ Նաւասարդեանի պաշտպան Ռուբէն Պալոյեանը` վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտութիւն չկայ, կալանքը, ըստ անոր,  Երեւան քաղաքի դատախազի «սկզբունքն է»: Աղջկայ մահուան պատճառ դարձած վթարի հեղինակին ազատութեան մէջ մնալու հանգամանքը կ'անհանգստացնէ մահացած աղջկան հայրը` Մնացական Մնացականեանը:

Ան պատմեց, որ աղջկան մահէն յետոյ կորսնցուցած է քունը. «Սոնայի մահից յետոյ այցելել եմ դէպքի վայր, փորձել դէպքի հանգամանքները պարզել:  Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող աշխատողներից, ոչ մէկ ոչինչ չի խօսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպաւորութիւնն է, որ արգելուած է խօսելը, ինձ թւում է` դա պատահական  չէ, մարդիկ այնքան զգացական ընդունեցին դէպքը, դրանից յետոյ ծնողին տեսնեն ու չխօսե՞ն: Ընդամէնը խուսափողական պատասխաններ էին տալիս` ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարուածի ձայնն այնքան  ուժեղ է  եղել, որ դէպքի վայրի կողքում  բնակուող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թէ երկու մեքենայ են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարց ու փորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մէկ չի պատասխանում: Ես հակուած եմ մտածել, որ չխօսելու ցուցում կայ: Դա արդէն նշանակում է, որ մեղադրեալը խանգարում է քննութեանը: Ի՞նչ է նշանակում` ազատութեան մէջ է ու չի խանգարում»:

Անդրադառնալով պնդումներուն, թէ  եթէ Սոնան ետքայլ չկատարէր, վթար տեղի չէր ունենար` Մնացական Մնացականեան շարունակեց. «Ինչի՞ մասին է խօսքը, տեսանիւթերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկեան 40 մեթրից վարորդը տեսնում է, որ  հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշւում` ետ, թէ առաջ գնայ: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը փարաշիւթով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեկիա`  հիւսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեփալ` քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանաւ էր վարձել Էվերեսթը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում,  բայց արի ու տես վթարից  առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանւում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է,  չի կողմնորոշուել:  Ու հիմա  այն  կարծիքը կայ, որ այդ մարդը, ազատութեան մէջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պէտք է շարունակի ազատութեան մէջ մնա՞յ, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղաւոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտութեան տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննութեանը, որ դատաւորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցոյց տամ` արդեօ՞ք այդ մարդը չի խանգարում ազատութեան մէջ լինելով»: