«Ազգային առաջընթաց» խմբակցութեան ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանը պիտի առաջադրուի որպէս վարչապետի թեկնածու։ Այս մասին փետրուար 7-ին, լրագրողներու հետ զրոյցին ըսած է ինքը՝ Մարութեանը։
«Բազմիցս ասել եմ, առաջին անգամ չէ, մեր աջակիցները բազմաթիւ խնդրանքներ եւ պահանջներ ունեն, որ ստեղծենք կուսակցութիւն, մենք արդէն այս պրոցեսի մէջ ենք, շուտով կը յայտարարենք, ունենք կուսակցութիւն եւ բնականաբար մեր կուսակցութիւնը՝ կապ չունի նորաստեղծ թէ արդէն գործող, անպայման պէտք է մասնակցի Հայաստանի հանրապետութեան բոլոր կարեւորագոյն քաղաքական պրոցեսներին:
Անպայման պատրաստուելու ենք 2026 թուականի ընտրութիւններին, եթէ չլինի արտահերթ, որովհետեւ դրա մասին անընդհատ խօսակցութիւններ են գնում: Քանի որ ես մեր կուսակցութեան ղեկավարն եմ , այո, ես առաջադրուելում եմ, որպէս թեկնածու»,-ըսած է ան:
Անդրադառնալով իրեն մանթատէն զրկելու որոշման՝ Մարութեանն ըսած է.
««Քաղաքացիական պայմանագիր»ը այնպիսի արհաւիրքներ է բերել հայ ժողովրդի գլխին, որ նրանից ամէն ինչ սպասելի է։ Սա երեւի ամենափոքր միջադէպերից մէկն է։ Այնպէս որ իրենց կողմից ամէն ինչ սպասելի է։ Իշխանութիւնն այստեղ գալիս եւ ուղղակի դակում է վերեւից իջեցրած հրամանները, ոչ մի բան չեն անում, վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թէ ինչի համար են քուէարկում, ինչ հետեւանքներ դա պէտք է ունենայ, ինքներս կարող ենք տեսնել՝ 160 հազար դրամ կարմիր գծերը թանկացնելուց յետոյ բացարձակ ոչ մի ձեւ տրանսպորտը չբեռնաթափուեց։ Ես չեմ ճանաչում ոչ մէկին, որ այս որոշումից յետոյ իր մեքենան թողել է տանը եւ տրանսպորտից է օգտւում՝ բեռնաթափելով երթեւեկութիւնը։ Մենք ասում էինք՝ ձեր նպատակը ո՞րն է, բեռնաթափէի՞ք, չի լինելու, որովհետեւ մարդը երբ իր ավտոմեքենան թողնում է տանը, պէտք է տրանսպորտ ունենայ, որ կարողանայ օգտուել, որ գնայ աշխատանքի, եւ այնտեղից հասնի տուն, չէք ապահովել այդ տրանսպորտը, ինչո՞ւ էք թանկացնում։ Կոնկրետ թալան է, որովհետեւ սա չի վերաբերում հարուստներին, որովհետեւ նրանց համար 160, թէ 500 հազար լինի, մէկ է՝ կը տան հանգիստ իրենց համար կը գնան ու կը գան, սա ազդել է իրապէս եւ միջին դասի, եւ սոցիալական խնդիր ունեցող մարդկանց վրայ․ այն մարդկանց վրայ, որոնք կոպեկ առ կոպեկ հաշւում են իրենց գումարները, որ գոնէ երեխային 6 ամիսը մէկ կօշիկ առնեն»։
Հայկ Մարութեան իր խօսքին մէջ յիշեցուցած է, որ իր՝ քաղաքապետ եղած ժամանակ իշխանութիւնը նոյնպէս պոյքոթ ըրած է․ «Երբ ես իրենց հետ էի, իշխանութիւնը բոյկոտ էր արել տրանսպորտ բերելու դէմ, այո, նրանք մայրաքաղաքի ամենակարեւոր խնդիրը լուծելուց ՔՊ-ն բոյկոտ էր արել եւ չէր եկել, քուորում չէր ապահովել, որպէսզի ավտոբուսները կարողանանք բերել, բախտի բերմամբ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան եկել էր, քուորումը պատահական ապահովեց, եւ քաղաքային իշխանութիւնը կարողացանք բերել այն ավտոբուսները, որոնք այսօր մարդկանց տեղափոխում են տուն եւ աշխատանքի»։