«Հրապարակ» թերթը կը գրէ.
ԱԳՆ մեր աղբիւրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյեանը գրեթէ չի շփւում աշխատակազմի եւ արտերկրում հաւատարմագրուած ՀՀ դեսպանների հետ: Նրանցից ոչ մէկը չի արժանացել նրա ընդունելութեանը: Իսկ երբ նախարարի հետ ճշդելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխուած ջահէլ խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խօսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը: ԱԳՆ խօսնակ Վահան Յունանեանին հարցրինք` Միրզոյեանը նախարար նշանակուելուց ի վեր դեսպաններին երբեւէ ընդունե՞լ է, եւ նրանց հետ կոմունիկացիան ի՞նչ տարբերակով է ապահովուում:
Խօսնակը փոխանցեց․ «ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, ամէնօրեայ կապի մէջ է օտարերկրեայ պետութիւններում եւ միջազգային կազմակերպութիւններում հաւատարմագրուած մեր դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ եւ համապատասխան յանձնարարականներ է տալիս թէ՛ անձնական հանդիպումների, թէ՛ հեռախօսային կապի, թէ՛ այցերի եւ թէ՛ դեսպանահաւաքի միջոցով, որը տեղի է ունեցել մօտ 1 ամիս առաջ»: Խնդրեցինք յստակեցնել` ոեւէ դեսպանի անհատապէս ընդունե՞լ է նախարարը, ասաց` մշտապէս: Կոնկրէտ օրինա՞կ` վերջին անգամ երբ եւ որ դեսպանին է հանդիպել, խօսնակը չնշեց. «Ես Ձեր հարցերին պատասխանեցի յստակ»: