Վարդան Ղուկասեանը ուղիղ եթերով հանդէս եկած է յայտարարութեամբ, աւագանիի ընդդիմադիր խմբակցութիւնները՝ «Մայր Հայաստան»ը եւ «Ազգային առաջընթաց»ը յորդորած է չմասնակցիլ աւագանիի նիստին։
«Ստանում եմ ահազանգեր, որ Քննչական կոմիտէից սկսել են հետապնդումը «Հանրային ձայն» խմբակցութեան աւագանիների նկատմամբ։ Նրանցից մի քանիսին արդէն կանչել են Քննչական կոմիտէ։ Նիկոլ Փաշինեանը «խոդի» է տուել պետական տեռորը, որպէսզի անի հնարաւորինը եւ անհնարինը, որպէսզի ընդդիմադիրները չկարողանան հասնել նրան, որ քաղաքապատերանի աւագանու նոր ընտրութիւններ լինեն։ Այս մարդը մտադիր է կեանքի կոչել Ալիեւի անուան սահմանադրութիւնը»,-յայտարարած է Վարդան Ղուկասեանը։
Դիմելով ընդդիմադիր ուժերուն՝ Ղուկասյանն ըսած է, որ եկած է պահը մէկ կողմ դնելու անձնական «զզուանքն» ու «ատելութիւնը» եւ գործելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան դէմ։
«Այսօր իմ աւագանին վտանգուած է։ Յարգելի՛ ընդդիմադիրներ, տարածէք այդ տեղեկատւութիւնը, որ «Հանրային ձայն»ի աւագանիները պետական տեռորի են ենթարկւում, որպէսզի վաղը քուորում ապահովեն։ Ես մտել եմ լուրջ պայքարի մէջ եւ ցանկանում եմ դաշտը մաքրել «Քաղաքացիական պայմանագրից»։ Պատրաստ եմ համագործակցելու նոյնիսկ սատանայի հետ, միայն թէ «Քաղաքացիական պայմանագիր»ը պէտք է մաքրուի Երեւանի քաղաքապետարանից, հետագայում՝ կառավարութեան շէնքից։
Առաջարկում եմ մի կողմ թողնել ատելութիւնը, միասնական ջանքերով համախմբուել մէկ գաղափարի շուրջ եւ մաքրել սրանց։ Երեք նիստ չգումարելուց յետոյ, քաղաքապետարանը լիկվիդանում է, եւ մենք գնում ենք նոր ընտրութիւնների»,-ըսած է Վարդան Ղուկասեանը։