«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում լայն քննարկումներ անցկացնել Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի և բիզնեսի այլ ոլորտների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Լրագրողը հետաքրքրվել է, թե խմբակցությունն ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել գյուղատնտեսների խնդիրները խորհրդարանում բարձրաձայնելու համար և դիտարկո՞ւմ է արդյոք խորհրդարանական լսումներ կազմակերպելու հնարավորությունը։
«Շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհով լուծել առաջացող սրացումները։ Տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է տնտեսական խաղաղության հասնենք մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ»,- ասել է Կարապետյանը։
Նրա համոզմամբ՝ հայկական քաղաքական միտքն ունակ է լուծումներ գտնել ստեղծված իրավիճակի համար։
«Տնտեսական հանձնաժողովը և, կարծում եմ, նաև տարածքային հարցերով հանձնաժողովը պատասխանատու են։ Մենք լայն քննարկումներ ենք անցկացնելու և այդ թեմայով լուծումներ ենք առաջարկելու»,- նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը
։Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր մտցրել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։