Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեան օրերս այցելած է թեմապատկան «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը։ Սրբազան հայրը այցելած դասարաններ եւ ջերմ ու մտերմիկ զրոյց ունեցած աշակերտներու հետ։
Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն քաղեց Լոս Անճելըս հրապարակուող՝ «Ասպարէզ»էն, որ, մասնաւորապէս, գրած է՝
Հայ ազգային ինքնութեան պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապէս եղել եւ մնում է մեր ժողովրդի ազգային հոգեկերտուածքի կարեւորագոյն մասը: Հէնց այս միտումով էլ ստեղծուել եւ այսօր էլ իր բեղմնաւոր առաքելութիւնն է իրականացնում հայրենիքից հեռու`Ամերիկայում գտնուող «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը։ Այն լինելով թեմապատկան միօրեայ հաստատութիւնների մայր կրթօջախը՝ գործում է Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի հովանաւորութեամբ եւ օրհնութեամբ: Հաստատութեան նպատակն է մատաղ սերնդի մէջ արմատաւորել սէրը դէպի ոսկեղինիկ մայրենին, ծանօթացնել մեր հայրենիքի հարուստ պատմութեանը եւ օտար երկրում նպաստել հայորդիների հոգեմտաւոր դաստիարակութեանը: Հարկ է խոստովանել, որ սաները դպրոց են յաճախում մեծ սիրով եւ հայերէն սովորելու բարձր գիտակցութեամբ։
Փետրուարի 8ին, դպրոցական օրը մեկնարկեց Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարի հովիւ Խաժակ քահանայ Շահբազեանի ողջոյնով, որի ընթացքում տէր հայրը պատմեց Տեառնընդառաջի եւ Սուրբ Սարգիսի տօների մասին՝ հրաւիրելով բոլորին մասնակիցը դառնալու Փետրուարի 13-14ին կայանալիք միջոցառումներին: Այնուհետեւ խօսքը փոխանցեց օրուայ պատուաւոր հիւրին՝ թեմակալ առաջնորդին, որն իր հոգեւոր պատգամի ընթացքում խոստովանեց, որ շատ ուրախ է աշակերտներին հանդիպելու, զրուցելու եւ նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու համար: Սրբազանը յորդորեց լաւ սովորել մայրենին եւ այն ամէնն ինչ մենք ժառանգութիւն ենք ստացել մեր նախնիներից։
Միասնական աղօթքից յետոյ, առաջնորդը Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ եւ «Փոքրիկ Հրեշտակներ» դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանի ուղեկցութեամբ այցելեց դասարաններ, որտեղ Սրբազանը աւելի ջերմ ու մտերմիկ զրոյց ունեցաւ աշակերտների հետ`պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին: Մեծ էր սաների ոգեւորուածութիւնը: Նրանք իրենց ուշիմ ու խելացի հարցադրումներով շրջապատել էին ամենասիրելի Յովնան սրբազանին` նրան անուանելով «բարի պապիկ»:
Զրոյցի ընթացքում առաջնորդը սաներին պատմեց իր կեանքից որոշ դրուագներ, թէ ինչպէս անսալով Արարչի կանչին՝ 5 տարեկանից ծառայել է եկեղեցում եւ հաւատարիմ մնացել իր կոչմանն ու Ս. Էջմիածնի տեսիլքին։ Նա բարձր գնահատեց նաեւ տաղանդաշատ, արհեստավարժ մանկավարժներին, որոնց հերոսական ծառայութեան ու ջանքերի շնորհիւ, ամէն տարի հաստատութեան մէջ արձանագրւում են նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ։ Սրբազան հօր օրհնութեանն արժանացան նաեւ վարժարանում կամաւոր ծառայող երիտասարդները, որոնք հանրակրթական դպրոցներից ամէն շաբաթ օր գալիս են եկեղեցի եւ իրենց անշահախնդիր օգտակարութիւնն են բերում կրթարանին ու աշակերտներին։
Յագեցած օրուայ աւարտին սրբազանը հրաժեշտ տուեց կրթօջախին`նորից այցելելու խոստումով՝ իր հետ տանելով բազմաթիւ մնայուն յիշողութիւններ ու վառ տպաւորութիւններ։