Գեղարքունիքի մէջ. Թշնամիին վառած հրդեհները մեծ դժուարութեամբ կը մարուին

Գեղարքունիքի մէջ. Թշնամիին վառած   հրդեհները    մեծ դժուարութեամբ   կը մարուին

Մարդու իրաւունքներու պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյեան հրապարակած է Գեղարքունիքի՝ ատրպէյճանցիներու առաջացուցած հրդեհներուն վերաբերող փաստահաւաք աշխատանքին արդիւնքները․- 

«Ըստ մեր փաստահաւաք աշխատանքների՝ ատրպեճանական զինծառայողների գցած հրդեհների հետեւանքով Օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ եւ Սոթք գիւղերում այրուել է՝

1) Կութում՝ 150 հեքտար արօտավայր եւ 60  հեկտար խոտ.

2) Ազատում՝ 20 հեկտար արօտավայր եւ 10 հեկտար խոտ

3) Սոթքում՝ 80 հեկտար արօտավայր եւ 70 հեկտար խոտ 

4) Նորաբակում՝ 20 հեկտար արօտավայր եւ 10  հեկտար խոտ

Բոլոր 4 գիւղերում այսօր մօտ ժամը 16:00-ի դրութեամբ ընդհանուր այրուել է շուրջ 270 հեկտար արօտավայր եւ շուրջ 150 հեկտար խոտհարք:

Ոչնչացւում է նաեւ խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմրան համար: Օրինակ՝ ոչնչացուել է Կութ գիւղի միայն մէկ բնակչի պաշարած մօտ 500 հակ խոտ:

Նշուածից բացի, օրինակ, Կութ գիւղի մի խումբ բնակիչներ ահազանգել են Մարդու իրաւունքների պաշտպանին, որ իրենք ծանր նիւթական վնաս են կրել, այրուել է խոտհարքերը, հնձած խոտը, ինչպէս նաեւ՝ բնակիչներից մէկի խոտհնձիչը։

Ատրպեճանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի յաջողւում, իսկ եղանակային պայմաններն էլ աւելի են նպաստում հրդեհների տարածմանը:

Դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշէջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպուած նաեւ ձեռքով մարել կրակը, իսկ ատրպեճանական զինուորականներն առաջացնում են հրդեհների նոր օճախներ:

Այս բոլոր ահազանգերը ստուգուել են ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատուել են առարկայական ապացոյցներով: Մշտական կապի մէջ ենք համայնքային մարմինների, բնակիչների, ԱԻՆ համապատասխան ծառայութիւնների հետ:

Ատրպեճանական զինծառայողների յանցաւոր արարքների պատճառով մարդիկ զրկուել են ապրուստի աղբիւրից, ինչն էլ նպաստելու է ընկերային խնդիրների աւելացմանը:

Տեղի են ունենում բնակիչների իրաւունքների զանգուածային խախտումներ՝ դրանով իսկ ներթափանցում եւ ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ:

Հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչութեան կեանքի, նրանց ողջ սեփականութեան համար (հրդեհներին ամենամօտը Կութ գիւղն է):

ՀՀ քաղաքացիական բնակչութեան դէմ ատրպեճանական զինուած ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են աւելի ու աւելի վտանգաւոր քաղաքացիական բնակիչների համար, յանցաւոր են եւ ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտաւորութիւն, իսկ իրաւունքների խախտումներն կրում են զանգուածային բնոյթ»: