Հռոմի Պապական Արեւելյան համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մի խումբ օտարազգիներ հայերեն են երգել: Նրանք իրենց հայ ընկերոջ՝ Տ․ Աթանաս աբեղա Սարգսյանի հետ երգել են Ռափայել Պատկանյանի խոսքերով Ռուբեն Հախվերդյանի գրած «Նոր տարի» երգը: Միջոցառումը համընկել է մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Ստեփանակերտին կապող միակ ճանապարհի փակման օրերին, եւ օտարների կողմից հայերի ցավի մասին երգը առավել ազդեցիկ է հնչել: Ինչպես հայտնի է՝ վեցերորդ օրն է՝ ադրբեջանցիները փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետեւանքով Արցախը կտրվել է Մայր Հայաստանից: Ադրբեջանցիները խոչընդոտել էին նաեւ դեպի Արցախ գազի հոսքը, ինչը վերականգնվել է, սակայն ցամաքային ճանապարհով սննդի, դեղորայքի եւ այլ կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը եւ մարդկանց՝ Հայաստան-Արցախ տեղաշարժը, դեռեւս չի վերականգնվել: