Հայ մեծանուն գրող Րաֆֆին իր յայտնի բանաստեղծութիւնը՝ «Ձայն տուր, ո՜վ ծովակ»-ը, գրած է Աղթամարի ժայռի վրայ նստած, դէմը՝ Վանայ ծովակը: Ազդու տեսարան մը. նստած է հայ գրողը եւ ծովակին կը պատմէ հայոց վիշտը…
Կարծես մեր ազգի ողջ ողբերգութիւնը խտացուած է այդ բանաստեղծութեան մէջ, որ յետոյ երգ դարձած է Կոմիտասի գրառմամբ: Լսե՞ր էք այդ երգը, որու սրտամաշ մեղեդիի մէջ առաւելեւս խտացած է բանաստեղծութեան ողջ ըսելիքը: Մեծ ժողովրդականութիւն վայելող այս երգը օրին յաճախ կը հնչէր հէնց Կոմիտասի կատարմամբ, երբ մեծ երաժշտահանը ինքն իրեն նուագակցելով՝ կը կատարէր այն: Յետոյ հայ երաժշտարուեստի մեծերը կատարած են երգը՝ իրենց ձայնի մէջ հնչեցնելով Րաֆֆիի գրած տողերու ողջ խորքը:
Հայ գրող Ստեփան Ալաճաճեանը յօդուած գրած է «Ձայն տուր, ո՜վ ծովակ» խորագրով, ուր, իր՝ գրողի տեսակէտով կը նայի Րաֆֆիի տողերուն եւ կը վերլուծէ մէկ դար առաջ գրուած անմահ խօսքերը: Ստեփան Ալաճաճեանը երկխօսութեան մէջ կը մտնէ Րաֆֆիի հետ (որու իսկական անունը, ինչպէս գիտենք, Յակոբ է), եւ «Գրէ՛, Յակոբ» անմիջական ձեւով դիմելով անոր, հեռակայ կ՚առաջարկէ, որ ան բանաստեղծութեան մէջ գրի նաեւ շատ կարեւոր բաներ, որոնք մեր ազգը կրնան փոխել: Որքա՜ն այժմէական է այդ յօդուածն այս օրերուն եւ ինչպիսի յուզունքով կ՚ընթերցուին այդ տողերը…
«Արեւելք»-ը, Ստեփան Ալաճաճեանի յօդուածները թուայնացնելու ծրագրին մէջ, կը թուայնացնէ նաեւ անոր՝ 1970 թուականին գրուած այդ յօդուածը: Կարդացէք եւ տեսէք, որ մեր իսկական մեծերու խօսքը միշտ մարգարէական է:
ՁԱՅՆ ՏՈՒՐ, Ո՛Վ ԾՈՎԱԿ...
Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք։
Րաֆֆի
Ոչ ոք չկարողացաւ կրկնել նրան, նմանուել, ընդօրինակել, եւ նա մնաց իր պատմազգացողութեան, իր կենդանի աչքերով, սրտի ու մտքի աչքերի տեսածի յաւերժական վկան: Նրա ստեղծագործութիւնների դիմացկունութիւնը տարբեր վարչաձեւերում ու հասարակարգերում արտայայտութիւնն են այն հաւատարմութեան, որ նա պահպանեց ինքնիրեն, իր ժողովրդի եւ նրա պատմութեան հանդէպ:
Նա այն մեծությունն էր, որ գոչեց.
-ՁԱՅՆ ՏՈՒՐ, Ո՛Վ ԾՈՎԱԿ
-Ձայն տուր սեւ նախապաշարումների դէմ կռուելու, ձայն տուր գաղափարական պայքարի նետուելու աւատապետութեան դէմ, խաւարի ու սնոտիապաշտութեան դէմ մաքառելու համար: Զինիր ինձ հոգով, մտքով ու սրտով մարտի գնալու ցոփ վերնախաւի, յետադիմութեան, տգիտութեան, պորտաբուծութեան դէմ՝ վասն հայրենեաց, վասն լուսաւորութեան, վասն կրթութեան, վասն անկախութեան ժողովրդիս ու ազգիս բարոյականութեան:
-ՁԱՅՆ ՏՈՒՐ, Ո՛Վ ԾՈՎԱԿ...
Գրէ՛ Յակոբ, որ ազգասիրութեան ոգին զոհասեղան է բռնապետութեան դէմ մղուող պայքարում: Գրէ՛, Յակոբ, որ ազգայնապէս կազմաւորուող քո ժողովուրդը պէտք է դասեր վերցնի իր անցեալի պատմութիւնից, որպէսզի կարողանայ առաջ նայել դէպի ապագան: Եւ գրէ՛, որ անցեալը հրդեհ է, կրակ է, վառող, ոչնչացնող բոցեր ունի, սարսափազդու վիհեր եւ անդունդներ: Եւ իջի՛ր, Յակոբ, այդ վիհերն ու անդունդներն ի վար եւ գանձեր հանիր այնտեղից:
Իջաւ Յակոբն իր ժողովրդի անցեալի անդունդները, պեղեց ու գանձեր բերեց եւ մանաւանդ ինքնուրոյն գաղափարախօսութիւն, թէ՝ ազգասիրութիւնը ազգայնամոլութիւն չէ, թէ պայքարը բռնապետութեան դէմ մարդասիրութիւն է, մարդու ինչքի, պատուի եւ խղճի արդարացի պաշտպանութիւն:
-Գրէ՛, Յակոբ, որ ժողովրդի սրբութիւնների պահպանումը ազգի պահպանումն է եւ ընդգծէ, որ ազգային լեզուի պահպանումն էլ ազգի յարատեւման երաշխիքն է, որ մշակոյթի ու դպրութեան յարատեւումը գոյատեւման իրաւունք է:
-Գրէ՛, Յակոբ, որ բոլոր բոնապետութիւնները դատապարտուած են կործանման, իսկ նրանք, ովքեր ծառայում են բռնապետութեանը, ծառայում են օտարին, դաւաճանում են իրենց օջախին:
-Նկարէ՛ երկիրդ, Յակոբ, նրա առաւօտն ու անտառը, կէսօրն ու կիզուած ժայռերը, ծփացող լճերը, նկարէ ու տակը ստորագրէ՝ «ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Գրէ՛, Յակոբ, որ հերոսականութիւնը հայրենասիրութեան, արդարասիրութեան արտայայտութիւն է եւ ոչ թէ արկածախնդրութեան, գրէ՛, որ ժողովրդի մշակոյթի ու արուեստի, գրականութեան ու դպրութեան մէջ ոչ մի լաւ բան չտեսնելը՝ տգիտութիւնը թաքցնելու վատագոյն միջոցն է:
Եւ սովորեցրու քո ժողովրդին, թէ նա ինչպէս պիտի քայլի միւս ժողովուրդների հետ, որպէս եղբայրը եղբօր հետ, հաւատակիցը հաւատակցի հետ:
-ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ...
Ձայն տուեց ծովակն ու ասաց.
«Դու հիմա ՐԱՖՖԻ ես եւ քո վաստակը գնահատում է քո ժողովուրդը, մեծարում է քեզ: Դու արժանի՛ ես»:
«Հայաստանի աշխատաւորուհի», 1970 թ.
ՐԱՖՖԻ
Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ․․․
Ձա՛յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցե՛ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ։
Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա՛.
Մի՞թե միշտ այսպես կը մնա Հայաստան՝
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։
Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կը լինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն եւ հայի որդին։
Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք։
Դժվար այդ. միայն, տեսուչըդ վերին,
Կենդանացրո՛ւ հայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լոյս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական,
Կը ճանչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կը լինին գործովք տիրոջ փառաբան։
Հանկա՛րծ ծովակի երեսին մի լույս.
Ջրից դուրս եկավ նազելի մի կույս,
Մի ձեռնում ուներ նա վառած լապտեր,
Իսկ մյուսում՝ քընար փայլուն փըղոսկեր։
Արդյոք հուրի՞ էր, հրեշտակ աննշան,-
Ո՞չ, հայ մուզաների տիպ համանման։
-Հայոց ճակատագիրը կարդա՛, ով մուզա,
Ներկա եւ գալոց գուշակիր, ասա´։
(Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ)։
-Ավետիք տամ քե՛զ, նժդեհ պատանի.
Սրբի՛ր աչքերից արտասուքդ աղի։
Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,-
Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար
Կը թագավորե – կրկին ոսկեդար։
- Հայոց մուզայքը կզարթնուն կրկին.
Հայոց պառնասը կը ծաղկի վերստին,
Եվ Ապողոնյան կառքը լուսարար,
Կը բոլորե Հայոց թուխ երկնակամար։
-Մենք եւս քո պես, - երբ խորին գիշեր
Պատեց Հայաստան, - սգավոր օրեր
Շատ ենք անցուցել. այժմ սիրելի,
Մենք եւս Հաշտության ստացանք ձիթենի։
Սիրեցե՛ք քնարի լարերը ժանգոտ.
Ելե՛ք Հայաստան երգով եռանդոտ,
Զարթեցրեք Հայոց աշխոյժը մեռած,
Լցվեցավ կամքը, հասավ ժամանակ,
Օրը կըբացվի, - ահա՛ Արուսյակ
Ձեզ հայտնի նշան, ասում է Աստված։
Կրկին մթնացավ։ Չքացավ պատկերը։
Երկար ժամանակ դյութական ձայնը
Լըսվում էր խառն ալիքների հետ,
Օդին տիրել էր բուրումն հոտավետ։
Ախորժելի՜ լուր, ավետիք քաղցրիկ,
Որպեսզի՜ հըրճվանք. մուզայդ գեղեցիկ,
Ասա մեզ, մեկնիր, արդյոք հնարի՞ն
Մի մեռած մարմնի զարթնող վերստին․․․