image

Այսօր Կասկադում աննախադեպ օգնություն հավաքվեց անապահով ընտանիքների համար (լուսանկարներ)

Այսօր Կասկադում աննախադեպ օգնություն հավաքվեց անապահով ընտանիքների համար (լուսանկարներ)

Արեն Ափիկյանի և Թերեզա Մխիթարյանի  նախաձեռնությունը   սոցիալական ցանցերում` մեծ արձագանք գտավ: Նրանք կոչ էին անում աջակցել  Գյումրիի և Տավուշի անապահով ընտանիքներին  և դեկտեմբերի 5-ին  ուտելիք, հագուստ, դրամ տանել Կասկադի «Գրին բին» սրճարան: Սրճարանն իր տարածքը սիրով տրամադրել էր նախաձեռնության հեղինակներին,   և առավոտվանից սրճարանում ուտելիքի պարկերի կույտեր էին գոյանում, որոնք տեսակավորվում և տեղավորվում էին մեքենայում: Մարդիկ բերում էին` ինչ հնարավոր է:


 

Ինչպես «Արեւելքի» հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակներից Արեն Ափիկյանը, 250-ից ավելի մարդ է մասնակցել այս հավաքին, օժանդակման կոչին արձագանքել են նաև կազմակերպություններ, իսկ արդյունքում երկու մեծ մեքենա սնունդ  է հավաքվել, ինչպես նաև` մոտ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:  Մեքենաներից մեկն ուղևորվել է Գյումրի, իսկ մյուսը  քիչ առաջ  ճանապարհվեց Տավուշ:


 

Արեն Ափիկյանը նշեց, որ  նման օժանդակության հավաք առաջին անգամ են անցկացնում, բայց սպասվածից ավելի ոգևորություն են տեսնում: «Բարի մարդիկ շատ են»,-մեզ հետ զրույցում ասաց Արեն Ափիկյանը: Նա նշեց, որ մոտ 100 ընտանիքի ապահովելու են ձմռան ուտելիքի պաշարով, իսկ հավաքված գումարով վառելափայտ են գնելու:  Մեր զրուցակիցը հույս ունի, որ նախաձեռնությունը կշարունակվի, կստեղծվի մի կազմակերպություն, որը մշտական հանգանակությունների միջոցով ուտելիք կհասցնի անապահովներին:

Արդեն հայտնի են Գյումրիում և Տավուշում ապրող այն ընտանիքները, որոնց բաժանվելու է այսօր Կասկադում հավաքված օգնությունը: Նրանց մեջ կան չքավոր կյանքով ապրող երեխաներ, որոնց կյանքի պայմաններին ծանոթանալուց հետո էլ որոշվել է Երևանում իրականացնել նման օժանդակության հավաք: