image

«Ատրպէյճանը ծրագրում է հաւաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին». Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութիւն

 «Ատրպէյճանը ծրագրում է հաւաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին». Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութիւն

ՀՀ արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Լեռնային Ղարաբաղէն Հայաստան տեղափոխուող անձերու առեւանգման վերաբերեալ, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․

«Օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրուած ապօրինի անցակէտում Ադրբեջանի իրաւապահ մարմինների կողմից առեւանգուել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսեանը, Վահէ Յովսէփեանը եւ Լեւոն Գրիգորեանը։ Տեղափոխութիւնը նախապէս համաձայնեցուած էր եւ իրականացւում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցութեամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտի համաձայն պէտք է վերահսկէին Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան կապը։ Նշեալ անձինք Հայաստանի Հանրապետութիւն էին տեղափոխուում՝ շարունակելու իրենց ուսումնառութիւնը։

Ադրբեջանի այս քայլը, որին յուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի կողմից անյապաղ բժշկական օգնութիւն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետութիւն տեղափոխուող 68-ամեայ Վագիֆ Խաչատրեանի առեւանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան, ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի՝ իրաւաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագոյն խախտում է եւ բացայայտ արհամարհանք միջազգային հանրութեան, այդ թուում՝ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի անդամների աներկբայ եւ հասցէական կոչերին։

Տարբեր կեղծ պատրուակներով տեղի ունեցած այս միջադէպերը թոյլ են տալիս հիմնաւոր մտավախութիւն ունենալ, որ Ադրբեջանն անթաքոյց կերպով ծրագրում է հաւաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին եւ 2020թ. ստիպուած է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծուած լայնածաւալ ագրեսիաներին (յարձակումներ) եւ պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունէութիւն ծաւալելու իր իրաւունքը։

Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութեանը բոլոր հիմնարար իրաւունքներից զանգուածաբար զրկելու, սովամահութեան ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտութեան ապրանքների, կազի, էլեկտրաէներգիայի (ելեկտրականութեան) մատակարարումներն արգելափակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախաւորման եւ առեւանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ ի ցոյց են դրւում Ադրբեջանի ղեկավարութեան իրական նկրտումները՝ ամէն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխօսութիւնից եւ փոխարէնը շարունակել էթնիկ (ցեղային) զտումների իր քաղաքականութիւնը։ Տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելուն ուղղուած քայլերին աջակցելու փոխարէն ադրբեջանական կողմն ակնյայտօրէն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղութեամբ:

Զանգուածային ոճրագործութիւնների կանխարգելումը՝ հնարաւոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրայ ազդեցութիւն ունեցող բոլոր դերակատարների եւ, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտաւորութիւնն է»,- ըսուած է յայտարարութեան մէջ։