image

Ատրպէյճանի զինուժը կը շարունակէ սպառնալ Հայաստանի գոյութեան․ Freedom House

Ատրպէյճանի զինուժը կը շարունակէ սպառնալ Հայաստանի գոյութեան․ Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը։ Եվրասիական 29 երկրներում ժողովրդավարության հետ կապված իրավիճակն ուսումնասիրող զեկույցն արձանագրում է, որ տարածաշրջանում 20-րդ տարին անընդմեջ ժողովրդավարական կառավարման ընդհանուր անկում է: Զեկույցում ընդգրկված 29 երկրներից տասն անկում է ունեցել ժողովրդավարության վարկանիշում, միայն հինգը, այդ թվում՝ Հայաստանը, բարելավել են իրենց ցուցանիշները։

Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը և Վրաստանը անցումային կամ հիբրիդային ռեժիմների ցանկում են, Ադրբեջանը՝ ավտորիտար։ Հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների ենթաբաժնում Հայաստանն ավելի լավ՝ «ցիկլային հիբրիդ» դիրքում է, Վրաստանը՝ «ավտոկրատացող հիբրիդ»։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել «Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, ինչի հետևանքով այնտեղ ապրող ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան փախչել և հիմնականում բնակություն հաստատել Հայաստանում»:

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով երկրի տարածքը, ամրապնդելով իշխանությունը՝ ներքին քննադատության պայմաններում, և փորձելով բավարարել 2018-ի հեղափոխությունից հետո ձևավորված՝ լավ կառավարման հանրային պահանջը։

Freedom House-ը զուգահեռներ է անցկացնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների միջև․ «2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022-ի փետրվարին Կրեմլի ներխուժումը չէր Ուկրաինա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կենտրոնացած էր Կիևին աջակցելու վրա»:

Իրավապաշտպան կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի բռնի տեղահանությունը որակում է որպես «էթնիկ զտում»:

Ըստ զեկույցի՝ Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են «մեծացնել նրա ախորժակը» և տարածքային նոր պահանջների առիթ դառնալ։ Կազմակերպությունը հիշեցնում է 2024-ի փետրվարին նախագահի պաշտոնը ստանձնելիս Ալիևի ելույթը, որը հայկական տարածքների նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելու ապացույց էր:

«Ադրբեջանի զինուժը շարունակում էր սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով այդ երկրի տարածքի մի մասը»,- նշված է զեկույցում։

Կազմակերպությունը նախազգուշացնում է՝ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում՝ Կովկասում կա «ավտորիտար ագրեսիայի ակնհայտ վտանգ»:

«Ռուսաստանի և Ադրբեջանի ագրեսիվ պատերազմները երկու ամենավառ օրինակներն են այն արհամարհանքի, որն այսօրվա բռնապետերը ցուցաբերում են մարդու հիմնարար իրավունքների և բազմակարծիք հասարակությունների նկատմամբ»,- արձանագրում է Freedom House-ը։