Յունիս 19–ին, Ապարանի տարածքին տեղի ունեցած սպանութեան գործով ձերբակալուած 32-ամեայ Արմէն Յովհաննիսեանը կալանաւորելու միջնորդութիւն ներկայացուած է դատարան: Այս մասին կը տեղեկացնէ Քննչական կոմիտէն:
Քննչական կոմիտէի հաղորդմամբ` «32–ամեայ քաղաքացին եղբօր հետ Յունիսի 18–ին, երեկոյեան` 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ինքնաշարժը վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տուել «Infinity» մակնիշի ինքնաշարժին, շրջանցել ու կանգնեցրել այն, ապա մօտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանութիւնը շարունակելու նպատակով յաջորդ օրը նա եղբօր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնուող կազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վէճին միջամտած անձանցից մէկին եւ ծեծի ենթարկել նրան:
Աւելի ուշ` երեկոյեան, վիճաբանութիւնը շարունակուել է Նիկաւան գիւղի աղբանոցի յարակից տարածքում` որի ընթացքում էլ 32-ամեայ տղամարդը իր մօտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղութեամբ: Հրազէնային վնասուածքներով Ապարանի բուժկեդրոն տեղափոխուած Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխուել են Երեւանի բժշկական կեդրոններ»:
Դէպքի առթիւ ՀՀ Քրէական օրէնսգիրքի 104-րդ յօդուածի 2-րդ մասի 6-րդ կէտով (Սպանութիւնը, որ կատարուած է շատերու կեանքին համար վտանգաւոր եղանակով) եւ 235-րդ յօդուածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զէնք, ռազմամթերք, պայթուցիկ նիւթեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) յարուցուած է քրէական գործ: