Անկարայում փախստականների դեմ հարձակումները

Անկարայում փախստականների դեմ հարձակումները

Հարձակումները 1955թ. սեպտեմբերի պոգրոմների կրկնությո՞ւն, թե՞...

Օգոստոսի 10-12-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փախստականները, նրանց բնակության վայրերը, խանութները հայտնվել էին թուրքերի՝ մասնավորապես ազգայնամոլների թիրախում։

Փախստականների դեմ զանգվածային հարձակման պատճառ էր դարձել մի քանի երիտասարդների միջև «կենցաղային հողի» վրա վիճաբանությունը, որն ավարտվել էր մի թուրք երիտասարդի մահվամբ։ Այդ և հաջորդ օրը սկսվեց սիրիացի փախստականների դեմ հարձակումները, որոնց թեև ոստիկանությունը միջամտում էր, սակայն առաջին օրերին ստացված պատկերն առնվազն տեղիք է տալիս մտածելու, որ իրավապահները ջանքերը արդյունավետ չեն եղել։

Իշխանությունները և ընդդիմությունը կատարվածը սադրանք են որակում՝ ընդ որում մեկը մյուսին մեղադրում է այդ սադրանքի հեղինակը լինելու մեջ։

Այս անհեթեթ թվացող և դավադրապաշտության քողով ծածկված մեղադրանքները պարզապես երկուստեք անհիմն և անարժեք քարոզչություն կարելի էր համարել, եթե Թուրքիայի պատմական փորձը հարուստ չլիներ նման դրվագներով։ Թեև քննվելիք դրվագները թե՛ նպատակների, թե՛ մասշտաբների առումով ամբողջովին նույնական չեն ներկայում կատարվածի հետ, այնուամենայնիվ, իրավիճակային տեսանկյունից հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով այս փոխադարձ մեղադրանքները կարող են հավանական սցենարներ լինել: Այդ օրինակները միաժամանակ կարող են լույս սփռել այն խնդիրների վրա, որոնք կան Թուրքիայում:

Օգոստոսի 10-11-ին Անկարայում տեղի ունեցածը շատերին  ակամայից ստիպեց զուգահեռներ անցկացնել 1955 թ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմների հետ։ 66 տարի առաջ կրկին թիրախ էին ընտրվել խոցելի փոքրամասնությունը՝ այս դեպքում հույները, հայերը։ Պատճառ էր դարձել տարածված կեղծ լուրերը, որ հույները Սալոնիկում պայթեցրել են Աթաթուրքի հայրական տունը։ Դրան արդեն հետևեցին վրդովված ամբոխի գործողությունները։ Հետագայում՝ տարիներ անց պետք է պարզվեր, որ այդ ամենը կազմակարպված էր իշխանությունների կողմից․ Աթաթուրքի տանը պայթուցիկ էր նետել թուրք ուսանողը, ամբոխի մեջ ներդրվել էին կազմակերպված ուղղորդող խմբեր, ոստիկանական ուժերն բավարար չէին անցանկալի զարգացումները կանխելու համար, իսկ բանակը ուշ էր ներգրավվել:

Թուրքիայի պատմության այս դրվագի միջբերումով ամենևին չպնդելով հանդերձ, որ 2021թ փախստականների վրա հարձակումների հետևում կանգնած են Թուրքիայի ներկայիս իշխանությունները՝ այնուամենայնիվ, հարկ է նշել, որ կատարվածը իշխող կուսակցության և նրա ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրած քարոզչական քաղաքականության տրամաբանության մեջ է: Առնվազն 2018 թվականից իշխանությունը վարկանիշի որոշակի անկման պայմաններում (2015-ի ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր 49.5 տոկոս,  2018թ.՝ 42.5 տոկոս) հանրությանն իշխանության շուրջը համախմբելու նպատակով քարոզչական դաշտ բերեց «գոյապայքարի» գաղափարը, որի նշանաբանով էլ անցավ 2018թ. իշխող ուժի ընտրական քարոզարշավը:

Իշխանությունների այս թեզը ընդհանրացված կարելի է հետևյալ կերպ ձևակերպել. «Թուրքիայում կատարվող յուրաքանչյուր բացասական իրադարձություն ծրագրվում և իրականացվում է երկրի թշնամիների և նրանց սատելիտների կողմից: Նրանք են, որ չեն ցանկանում Թուրքիայի իրական հզորացումը և պայքարում են նրա հաջողությունների դեմ: Հետևաբար, պետք է պայքարել Թուրքիային ճնշել փորձող ներքին և արտաքին թշնամու դեմ՝ համախմբվելով Թուրքիայի համար համաշխարհային ուժ դառնալու ուղին հարթող իշխանությունների շուրջ»: 

Հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների իշխանությունների վարկանիշի անկման (Էրդողանի կուսակցությունը` մոտ 33%,ԱՇԿ-ն` 7-8%) մասին վկայող հարցումների արդյունքները, ինչպես նաև իշխանությունների` Անկարայի իրադարձություններն իրենց դեմ կազմակերպված սադրանք լինելու մասին մեկնաբանությունը, ամենևին չի բացառվում, որ իշխանությունները կոնսոլիդացիայի հերթական դոզան են ներարկում հանրությանը: Զուգահեռաբար ստեղված պատկերն օգտագործվում է ընդդիմության դեմ՝ նրան ներկայացնելով սադրանքի հեղինակ և Թուրքիայում հանրային համերաշխությունը խաթարող ուժ:

(Սրան զուգահեռ իշխանությունները մի շարք այլ մղումներ ևս կարող էին ունենալ՝ պայմանավորված արտաքին գործոններով:

1. Անվտանգային մտավախություններ ստեղծելով՝ փախստականներին ցույց տալ, որ ամենևին էլ ցանկալի տարր չեն ԹՀ-ում մշտապես հաստատվելու տեսանկյունից:

2. Աֆղանստանից միգրացիայի նոր ալիքի պայմաններում Արևմուտքին ցույց տալ, որ հանրային կյանքում որոշակի դժգոհություն կա փախստականներին ընդունելու իշխանությունների քաղաքականության առնչությամբ):

Մյուս պատմական դրվագը, որը «պաշտպանում» է հակադիր կողմի տեսակետն առ այն, որ կատարվածն  սադրանք է իշխանությունների դեմ, տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում՝ Էրդողանի կառավարման շրջանում: 2000-ականներին Թուրքիայում մեծ աղմուկ հանեց «Էրգենեկոնի» գործը: Այն գաղտնի ընդհատակյա կազմակերպություն էր՝ ստեղծված անվտանգային կառույցներում գործող ազգայնամոլական գործիչներից: Կառույցի նպատակն էր երկրում տարբեր սադրանքների, այդ թվում նաև փոքրամասնության ներկայացուցիչների, առաջնորդների դեմ հարձակումների միջոցով անկառավարելիության և քաոսի մթնոլորտ ստեղծել ու գործը հասցնել հեղաշրջման:

Ներկայիս պարագայում հավանական սցենար կարող է լինել 2023թ. սպասվող ընտրություններից առաջ իշխող ուժի վարկանիշի հետևողական նվազեցումը: Իհարկե, այս պարագայում ընդամենը մեկ դրվագը բավարար չէ նման հիմնավոր կարծիք հայտնելու համար: Սակայն վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչների դեմ հասցեական բացահայտումները, յուրաքանչյուր աղմկահարույց զարգացման համար իշխանությունների հասցեին տեղին և անտեղին քննադատությունները համալրում են այդ դրվագների շարքը` ամուր հիմք ստեղծելով նման տեսակետի գոյության համար:

Կա նաև երրորդ տարբերակն, այն է՝ Անկարայում տեղի ունեցած դեպքերը ընդամենը դրանց տարերային զարգացումն են՝ առանց կողմնակի ուժերի նպատակային ուղղորդման: 

 Այս տարբերակն ավելի վտանգավոր է Թուրքիայի հանրային համերաշխության (նաև նախազգուշացում հարևաններին) համար, քան կարող են լինել նախորդիվ քննված սցենարները, քանի որ ցույց է տալիս անհանդուրժողականության այն բարձր մակարդակը, որ կա թուրքական հասարակության որոշ տարրերի մոտ յուրային չընկալվողների նկատմամբ։ Բնականաբար, Թուրքիայում առկա միջավայրը՝ ոչ ազգայնական ուղղվածության կուսակցությունների գրեթե բացակայությունը, իշխանության, ընդդիմության մեծ մասի քարոզչությունը, հռետորաբանությունը պարարտ հող են ստեղծում թուրքական հանրույթի մոտ ազգայնամոլական գաղափարների արմատավորման համար, ինչն էլ իր հերթին անցանկանալի հետևանքների կարող է հանգեցնել։

Իսկ թե՛ բերված օրինակները, թե՛ ներակայիս իրավիճակը ցույց են տալիս, որ այդ գաղափարներով տարված տարրերը իշխանությունների կամ այլ խմբերի կողմից գործիք են դառնում ներքին և արտաքին ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Անահիտ Վեզիրյան 

 

 

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան, թուրքագետ է։ Ավարտել է Երևան...

«Արեւելք» կայքի Պլոկ բաժնի հովանաւորն է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը