ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխաւորող Ռոպերթ Քոչարեանը քարոզարշաւի մենկարկին հանդէս եկած է կոչով:
Ստորեւ կը ներկայացնենք կոչը.
«Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին եւ մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշաւի մեկնարկին
1. Քարոզարշաւի ընթացքում կեդրոնանալ մեր ծրագրի բովանդակութեան վրայ։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ (կարողականութիւն):
2. Վարակենք մարդկանց պոզիտիւ (դրական) տրամադրութեամբ, իւրաքանչիւր մեր հայրենակցի տուն պէտք է մտնի յոյսի եւ արժանապատուութեան գաղափարը։
3. Մոռացէ´ք գործող իշխանութիւնը, այն չկայ մեր օրակարգում, կեդրոնացէք անելիքների վրայ, ապագայի վրայ։
4. Մի´ տրուէք որեւէ սադրանքի։ Ակնյայտ է, որ գործող իշխանութեան մի նեղ խումբ ցանկանում է անել ամէն ինչ՝ ներքին լարուածութիւն ու նոյնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողութիւնն է, իսկ անխուսափելի պարտութեան հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականութիւնների։
5. Յարգանքով վերաբերուէք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտութեան էջը փակելու համար, մեր գործընկերներն են։
6. Համբերատար խօսէք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնուել են իշխանական քարոզի եւ օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչութեան ազդեցութեան տակ։
7. Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնութիւնը հայրենասէր ու փրոֆեսիոնալ (մասնագէտ) մարդիկ են, եւ մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիւ խաղաղութեան, տնտեսութեան զարգացման եւ համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջէք որեւէ սպառնալիքի տակ։
8. Կոչ եմ անում ուժային կառոյցների աշխատողներին. պահպանէք զգօնութիւն, սառնասրտութիւն, մի´ կատարէք հեռացող իշխանութեան ապօրինի հրամանները, կատարէք բացառապէս ձեր ծառայողական պարտականութիւնները։
9. Իմ թիմակիցների եւ ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրէնքի առաջ։
10. Այս ընտրութիւններում հարցը շատ պարզ է՝ յաղթելու է յոյսը, վերելքի հեռանկարը, արժանապատիւ խաղաղութեան գաղափարը։ Ընդամէնը 14 օր յետոյ մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ։
Մենք անպայման ունենալու ենք անվտանգ սահմաններ, անպայման ունենալու ենք կայուն խաղաղութիւն եւ արժանապատիւ կեցուածք տարածաշրջանում, մենք անպայման ունենալու ենք աշխատող ու զարգացող պետութիւն։
Ամէն ինչ լաւ է լինելու»: