image

Սահակ Մաշալյան. «Հրաժարականս դեռևս չեմ պաշտոնականացրել, ամեն ինչ կարող եմ վերատեսության ենթարկել»

Սահակ Մաշալյան. «Հրաժարականս դեռևս չեմ պաշտոնականացրել, ամեն ինչ կարող եմ վերատեսության ենթարկել»

Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի՝ հրաժարական ներկայացրած ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանն իր հրաժարականը մեկնաբանելով, Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ արդեն լքել է պատրիարքարանի իր սենյակը, որտեղ ապրում էր և տեղափոխվել է Բաքրգյուղում գտնվող  հայրական բնակարան: Նա թեև հայտարարել է, որ լքում է քաղաքը, բայց պարզաբանել է, որ քաղաքում է, ոչ մի տեղ չի գնացել, և իր նամակն ու հայտարարություններն էլ բնորոշել է իբրև «պայթուն» և «պոռթկում»:

Թերթի հաղորդմամբ, այսօր ողջ պոլսահայ համայնքի ուշադրությունը կենտրոնացած է Սահակ Սրբազանի և այն իրավիճակի վրա, որը ստեղծվել է նրա հրաժարականից ու  հայտարարություններից հետո: «Քաղաքում եմ, բայց եկեղեցի չեմ գնալու, որովհետև կարող է ուրիշ կերպ մեկնաբանվել: Չեմ ուզում ստեղծել այն տպավորությունը, թե  շարունակում եմ աշխատել»,-թերթին ասել է Սահակ եպս. Մաշալյանը: Նա կրկնել է իր քննադատությունները՝ ուղղված պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ Արք. Աթեշյանին, հոգևորական դասին և համայնքային վարիչներին։ Հոգևորական դասի մասին նա ասել է՝ անդամները վախկոտ են, իսկ աշխարհական վարիչներին էլ ամբաստանել է՝ ասելով. «Բոլորը իրենց գործերի մեջ  հաջողակ մարդիկ են։ Արդյո՞ք կարող են իրենց գործերում մի մարդու հանդուրժել, որ երկու տարվա գործը չի կարողանում ավարտել ինը տարում: 

...Արամ Սրբազանն է,  որ ձախողեցնում է այս ընտրությունը։ Տեղապահը պետք է լինի անկողմնակալ մեկը և նա՛ պետք է վարի այս գործընթացը։ Եթե այդպես լինի, ապա ես կշարունակեմ ծառայել ազգիս»,-պարզաբանել է Սահակ եպս. Մաշալյանը: 

Նա նշել է, որ եթե Արամ Սրբազանը մնա, ուրեմն ինքը հեռանալու է, ավելացնելով, որ Արամ Սրբազանի հետ, այո, բարեկամություն է ունեցել, բայց ազգի շահն իր համար ավելին է:

Հստակեցնելով հրաժարականը՝ Սահակ Մաշալյանը նաև հայտնել է, որ ճիշտ է՝ ինքը հրաժարվել է Կրոնական ժողովի ղեկավարի պաշտոնից, բայց շարունակում է մնալ այդ կառույցի անդամ: Անդամությունից չի հրաժարվել, քանի որ ինքը այդ հրաժարականը պիտի ներկայացնի ընտրող մարմնին, իսկ այդ մարմինը Մութաֆյան պատրիարքին ընտրած Ազգային պատգամավորական ժողովն է: Նույն ձևով, նա հստակեցրել է, որ հրաժարվել է «Հովակիմ 1461» հիմնարկի վարչության փոխատենապետի պաշտոնից, սակայն մնում է անդամ: Սահակ Սրբազանը ընդգծել է, որ իր հրաժարականը դեռևս պաշտոնականացված չէ.

«Ես միայն հանրությանն ուղղված պատգամով եմ հայտնել իմ հրաժարականի մասին։ Դեռևս պաշտոնական որևէ նամակ չեմ ուղարկել Պատրիարքարան։ Իմ հրապարակած հրաժարականում նշված բոլոր կետերը պայմանական են։ Առկա բոլոր հարցերի դեպքում  մեծագույն պատասխանատվություն կրողներից մեկը ես եմ, բայց ես միայնակ անճարակ եմ։ Հիմա տեսնում եմ,  որ իմ հնչեցրած ահազանգն արդեն տեղ է հասնում։ Պետք է դիտարկեմ առաջիկա իրադարձությունները։ Այս բոլոր քաոսից հետո ի՞նչ պիտի լինի։ Ես ուխտած եմ ծառայության, ոչ թե թողել-փախչելու համար:

Եթե իմ ահազանգով ստեղծված մթնոլորտը շարունակվի, կարող է նաև ամենինչ փոխվել։ Եթե տեսնեմ, որ ես այս ընթացքը ի վիճակի եմ փոխելու, ապա կարող եմ վերատեսության ենթարկել ամեն ինչ:  Իսկ եթե ամեն ինչ այժմյան ձևով շարունակվի, ապա այժմ իմ կողմից պարզապես հայտարարված հրաժարականը ես պաշտոնականացնելու եմ: Այսինքն, հիմա սպասման մեջ եմ»,-ասել է Սահակ եպս. Մաշալյանը:

Համայնքում բոլորը սպասում են վաղը պատրիարքարանում տեղի ունենալիք ժողովին, որին մասնակցելու են պոլսահայ համայնքի բոլոր կարևոր դեմքերը՝ իրավիճակից լուծում գտնելու օրակարգով: