image

Լիբանանահայ Անդրանիկ Սեֆիլյանը ստացել է աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկը

Լիբանանահայ Անդրանիկ Սեֆիլյանը ստացել է աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկը

Բեյրութի ամերիկյան համալսարանն (ԲԱՀ) ավարտած հայազգի ուսանող Անդրանիկ Սեֆիլյանն ընտրվել է «Gates Cambridge»-ի կրթաթոշակառու, եւ կշարունակի կրթությունը Քեմբրիջի համալսարանի Դարուին քոլեջի կիրառական մաթեմատիկայի եւ տեսական ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես ասպիրանտ: Սեֆիլյանն առաջինն է Բեյրութի ամերիկյան համալսարանի ուսանողներից, որին շնորհվել է այս՝ աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկը: Հազարավոր ուսանողներից այս տարի միայն 55-ն են հաղթահարել բոլոր փուլերը եւ ընտրվել: Սեֆիլյանը, որն ընտրված 55 ուսանողներից մեկն է, միակ լիբանանցին է: Հայազգի ուսանողի հաջողությունները մեծ ոգեւորությամբ են ընդունվել նաեւ հարազատ համալսարանում: Այս կապակցությամբ՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների վարչության նախագահ Թալալ Նիզամեդդինը ասում է. «Ես ասում եմ ԲԱՀ-ի ուսանողներին, որ երկինքը ձեր ձգտումների սահմանն է, եթե դուք պատրաստ եք աշխատել դրա համար: Ողջունում եւ շնորհավորում եմ  Անդրանիկին՝ իր նշանակալից ձեռքբերումների կապակցությամբ»: Իսկ դոկտոր Ջ. Թոուման, որը ԲԱՀ-ում Անդրանիկի դասախոսն է եղել, ասում է. «Նրա սովորելու քաղցը, կարողությունը՝ առերեսվելու սեփական սխալներին եւ դրանք տեղափոխելու անցյալ՝ նոր ուժով եւ վստահությամբ, ուշագրավ ու խիստ ցանկալի հատկություններ են հետազոտություններում, որոնք մեր դաշտը ներկայացնում է մեզ»: Դոկտոր Թոումանը Անդրանիկի պատմությունը համարում է ուշագրավ հեքիաթ, գեների, միջավայրի եւ ճակատագրի խառնուրդ: Իսկ Անդրանիկն էլ իր խոսքում նշել է, որ ԲԱՀ-ը իրեն շատ բան է տվել, եւ այնտեղ ստացած իր գիտելիքների շնորհիվ է, որ այդքան արժեքավոր հաջողություններ է գրանցել: