«Բաշնևֆտ»-ի գործով 2014թ. հուլիսի 17-ից կալանքի տակ գտնվող Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն «Արեւելքին» ասաց, որ Լեւոն Հայրապետյանի ազատ արձակումը նվեր էր համայն հայությանը, քանի որ բարերարն ու հայրենասեր մարդը, հայության կյանքում մեծ ներդրում ունեցած գործիչը կալանքի տակ էր պահվում անօրինական կարգով:
«Այս պահից սկսած` բոլորովին այլ հարցերով ենք զբաղվելու: Ինչպես գիտեք` Լեւոն Հայրապետյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ ազատ տեղաշարժվելու հնարավորությունը կօգնի, որ առողջական հարցերով ավելի հիմնավոր զբաղվենք: Այժմ նա կարող է բուժում ստանալ տարբեր հիվանդանոցներում, բուժական հաստատություններում»:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք բուժում ստանալու համար նա մեկնի արտասահման, Մացակ Փոլադյանն ասաց, որ նրա ազատ տեղաշարժվելու իրավունքն առայժմ միայն Ռուսաստանում է, բայց հետագայում այդ արգելքն էլ կվերացվի, եւ գուցե նաեւ քննարկվի արտասահմանում բուժում ստանալու հարցը:
«Տնային կալանքը, որ այսքան երկարաձգվեց, անօրինական էր: Դատախազությունը պատճառաբանում էր նրա երկքաղաքացիության հարցը, իբր Հայրապետյանն ուներ երկքաղաքացիություն եւ անշարժ գույք` արտասահմանում: Եվտուշենկոյի դեպքում նրան շատ շուտ ազատեցին, քննելով, որ Եւտուշենկոն չունի երկքաղաքացիություն: Ասեմ, որ Լեւոն Հայրապետյանն էլ չունի երկքաղաքացիություն, նա միայն Ռուսաստանի քաղաքացի է, նա ո'չ Մոնակոյի, ո'չ Ֆրանսիայի, ո'չ էլ` ԱՄՆ քաղաքացի է, ինչպես նշվում էր: Դա ընդամենը պատճառաբանություն էր, եւ մենք դրա դեմ էինք պայքարում: Իսկ Լեւոն Հայրապետյանն ազատվեց, որովհետեւ տնային կալանքի առավելագույն պայմանաժամկետն էր լրացել, եւ նրան մեկ օր ավելի պահելու իրավունք չունեին»,-ասաց Մացակ Փոլադյանը, նշելով, որ Լեւոն Հայրապետյանը վախենալու ոչինչ չունի, նրա խիղճը հանգիստ է, ոչ մի սխալ բան չի արել, եղածն էլ սարքված էր ու անօրինական:
Լեւոն Հայրապետյանի վստահված անձ, մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը Լեւոն Հայրապետյանի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում ուղղակի եւ անուղղակի ձեւով թիկունք են կանգնել Հայրապետյանին` տարբեր միջոցներով, աջակցությամբ կամ միջամտություններով:
Նա նաեւ հիշեցրեց Լեւոն Հայրապետյանի կարգախոսը` «Ամեն հայ պիտի հավատա Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությանը, որովհետեւ այդ ուժի միջոցով է, որ մենք հսկա գործ ենք կատարելու Հայաստանում եւ մեր սահմաններում: Իսկ անելիք շատ կա»:
Մացակ Փոլադյանը նաեւ հավելեց, որ անձամբ իր համար ուրախալի է, որ իր մտերմագույն ընկերը ազատ արձակվեց իր ծննդյան օրը, եւ դա մեծագույն նվեր էր իր համար: