Հոկտեմբերի 7-18-ը Ստամբուլի Sismanoglio megaro կենտրոնում կցուցադրվեն Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի գեղանկարչական աշխատանքները: Ցուցահանդեսը կազմակերպել են «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը (Երեւան, Իսահակյան 38)` ի դեմս հիմնադիրներ Հակոբ Ճաղարյանի եւ Զարուհի Մուրադյանի, եւ Ստամբուլի «Փարոս» ամսագիրը: Ինչպես «Արեւելքին» հայտնեց գեղանկարչի դուստր Գոհար Մուրադյանը, մի շարք դիմանկարների, բնապատկերների եւ այլ գործերի շարքում Ստամբուլում ցուցադրվելու է նաեւ նրա «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավի մի տարբերակ: Հայ նկարչի հանրահայտ այդ աշխատանքի բնօրինակը մշտապես ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Արվեստաբանները Սարգիս Մուրադյանի «Կոմիտաս. վերջին գիշերը» աշխատանքի ստեղծումը համարել են նշանակալից երևույթ` 1950-ականների Հայաստանի քաղաքական եւ մշակութային կյանքում: Սարգիս Մուրադյանն առաջին գեղանկարիչներից էր, որ խորհրդային տարիներին անդրադարձել է ազգային թեմաներին: