Վաղը՝ փետրվարի 2-ին, ժամը 15։00-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության (ՀԲՀԿ) նորաբաց կենտրոնում տեղի կունենա ո փախստականների համար նախատեսված Ջուլիա Թաֆթ ֆոնդի շրջանակում համալրված և բարելավված «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացումը:
Ինչպես «Արևելքին» հայտնեցին «ՀԱԼԷՊ» կազմակերպությունից, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի համալրումը անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում համարժեք հարմարությունների ստեղծումը, պայմանների բարելավումը հնարավոր է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Ավելի լավ պայմաններ հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց համար» ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է 2015թ նոյեմբերին և ավարտվել սույն թվականի հունվարի 31-ին:
Ծրագրի նպատակն էր հաշմանդամության խնդիրներով բոլոր անձանց հնարավորություն ընձեռել օգտվելու համարժեք հարմարություններից և համապատասխան օժանդակությունից, ստանալ հատուկ խնամք, ֆիզիկական և մտավոր զարգացման համար անհրաժեշտ կրթություն:
«Մայր Հայրենքում նոր գույքով համալրված «Արևիկ-Հայաստան» կենտրոնի վերաբացումը վերիմաստավորում է «ՀԱԼԷՊ» կազմակերպության այն հավատը, որ միայն միասնաբար գործակցությամբ, համատեղ ջանքերով և միակամ կարող ենք ստեղծել խաղաղությամբ լեցուն բարեկեցիկ աշխարհ, որտեղ դառը ճակատագրի վերքերը կամոքվեն համամարդկային արժեքներով և անխախտ միասնականությունը կծառայի որպես բարօրության փարոս։»,- նշում է«ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ, տիկին Անի Բալխյանը