ԱՄՆ-ում սկսվել են մայրերի օրվան նվիրված տոնակատարությունները: Մայրերի օրն ամերիկյան ավանդական տոներից է, որ նշվում է հարյուր տարուց ավելի՝ մայիս ամսվա երկրորդ կիրակի օրը:
Տոնի առթիվ խանութներում և ռեստորաններում մեծ զեղչեր են կատարվում, յուրաքանչյուր ամերիկացի իր պարտքն է համարում սրտի խոսք ասել իր մորն ու անպայման նվեր կամ ծաղիկ մատուցել նրան:
Մայրերի օրվա առթիվ ԱՄՆ-ում տեղի են ունենում ճաշկերույթներ և այլ հավաքներ:
Իր մորն ու իր դստրերի մորը՝ Միշել Օբամային, սրտի խոսք է հղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Շնորհավորելով բոլոր մայրերին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ ինքը միշտ երախտապարտ է մնալու իր մայրիկին, որն իրեն համակել է այն գաղափարով, որ եթե ձգտի, ամեն ինչի կարող է հասնել, նույնիսկ կարող է դառնալ ԱՄՆ նախագահ: Մայրերի օրվա իր ուղերձում ԱՄՆ նախագահն ասել է, որ երեխաներին կրթելն ամենամեծ ու գլխավոր գործերից մեկն է: Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Միշել Օբամային և վերջինիս մայրիկին, որոնք անձնվեր կերպով խնամել են իր դստրերին:
ԱՄՆ նախագահը իրեն բախտավոր է համարել, որ իր կողքին ունի նման կարկառուն կանայք:
«Ոչ ոք այնքան արժանի չէ շնորհակալության, որքան՝ մեր մայրերը»,-մայրերի օրվա ուղերձում ասել է Բարաք Օբաման:
Անցյալ տարի ԱՄՆ նախագահը մայրերի օրվա առթիվ անակնկալ զանգահարել էր երեք բազմազավակ մայրերի և շնորհավորել նրանց մայրության տոնի առթիվ:
