image
Հրատապ լուրեր:

Ատրպէյճանեան ուժեր հատած են նաեւ Կութ գիւղի շրջակայքը

Ատրպէյճանեան ուժեր հատած  են նաեւ Կութ գիւղի շրջակայքը

 

Ատրպէյճանցիները Հայաստանի պետական սահմանը հատած են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գիւղի շրջակայքէն, երկու օր առաջ՝ 12 մայիսին։ Այս մասին 14 մայիսին, NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է գիւղի վարչական ղեկավար Սիմա Չիտչեանը։ Թէ որքան առաջացած է հակառակորդը, գիւղապետը յստակ չէ կրցած ըսել՝ ընդգծելով, որ սահմանագիծի վրայ կանգնած են։

 

«Կութից այնտեղ օդայինով 4,5 քմ է։ Չեմ կարող ասել՝ իրենց զօրքը մեծ է, թէ ոչ։ Սարն անցնում են, գալիս, նստում, պառկում։ Որտեղ հիմա իրենք են, այդտեղ մեր արօտավայրերն էին, մեր բնակիչները իրենց անասուններին արածացնում էին։ Առաջին օրը մեր չոպաններին ասել են՝ սա ձեր տարածքը չէ, գնացէք, մերոնք էլ չհասկանալով ու վախենալով իջեցրել են անասուններին, մինչեւ հիմա  մօտիկ տեղերում են արածացնում»,– պատմած է գիւղի վարչական ղեկավարը։ 

Սիմա Չիտչեանի խօսքով՝ քիչ առաջ Կութ էր մարզպետ Գնել Սանոսեանը։ Գիւղապետը բանակցութիւններու արդիւնքէն տեղեակ չէ։ Փաստն այն է, որ ատրպէյճանական զօրքը չէ լքած Հայաստանի տարածքը։  Չիտչեանը վստահեցուցած է, որ գիւղին մէջ խուճապային տրամադրութիւններ չկան, ամէն ինչ կը վերահսկուի ՀՀ Զինուած ուժերու կողմէ։