Արգենտինայի նորընտիր նախագահը հայ ժողովրդի մեծ բարեկամն է, նա կանգնած է հայկական լոբբիզմի կողքին, գրում է արգենտինական prensaarmenia-ն` նշելով, որ նոյեմբերի 22-ին Արգենտինայի նախագահ ընտրված Մաուրիսիո Մակրին աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավին:
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Բուենոս-Այրեսի քաղաքապետ եղած ժամանակ Մաուրիսիո Մակրին արգելել էր քաղաքում տեղադրել Աթաթուրքի կիսանդրին, ինչից հետո Էրդողանը չեղյալ էր հայտարարել իր ծրագրված պաշտոնական այցն Արգենտինա: Իբրև քաղաքապետ Մաուրիսիո Մակրին 2012-ի ապրիլին այցելել է Երևան, ուր այցի շրջանակներում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն տարի ապրիլին Արգենտինայի նորընտիր նախագահը հայոց ցեղասպանության մասին գրառում է անում` հիշեցնելով 20-րդ դարի մեծագույն ցեղասպանության մասին, տեղեկացնում է Արգենտինայի հայկական համայնքի կյանքը լուսաբանող լրատվամիջոցը:
2014-ի հուլիսին Մաուրիսիո Մակրին ընդունել է պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ նախագահին` նրան հանձնելով Բուենոս-Այրեսի բանալին և վսահեցնելով, որ Արգենտինան կանգնած է հայ ժողովրդի պայքարի կողքին: