Օգտատերերն արդեն տեսանյութ են տարածել, որտեղ երևում է ԱՄՆ-ի հայկական Վարդասայլի ընկերակցության (American Armenian Rose Float Association) այս տարվա մասնակցությունն աշխարհահռչակ Վարդերի շքերթին: Վարդերի շքերթն անցկացվում է արդեն 127 տարի և տեղի է ունենում Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում, ամեն տարի` հունվարի 1-ին: ԱՄՆ-ի ամենամեծ շոուներից մեկին մասնակցում է մոտ 700 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ շոուն դիտում են հեռուստատեսությամբ: Շատերը 9 կմ-անոց մայրուղու վրա, որտեղով անցնում են շքերթի մասնակիցները, տեղ են գրավում դեռևս մեկ օր առաջ` մոտիկից դիտելու ավանդական շքերթը:
Անցյալ տարի հայկական համայնքն այս շքերթին մասնակցեց առաջին անգամ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ստեղծելով Վարդասայլի հայկական ընկերակցությունը, որը պատրաստել էր հայկական մշակույթն ու հայոց պատմությունը ներկայացնող քարոզչական սայլ, իսկ այս տարի ընտրվել էին հայկական խորհրդանիշներ հանդիսացող արձաններ, ճարտարապետական կառույցներ: Հայկական վարդասայլի վրա ծախսվել են հարյուր-հազարավոր դոլարներ, բայց ամերիկահայերը վստահ են, որ, ԱՄՆ-ի հնագույն շոուներից մեկին մասնակցելով, ընտրել են լավագույն միջոցներից մեկը` աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթն ու Հայաստանը:

2015-ի հունվարի 1-ի հայկական ծաղկասայլը