Դինքն ինձ հետաքրքիր է նախ՝ իբրև լրագրող: Կարողանալ «Ակօս»-ը դուրս բերել միայն Թուրքիայում բնակվող հայերին հետաքրքրող ու նրանց հասցեագրված թերթի կարգավիճակից, չափազանց լուրջ արդյունք էր:
«Ակօս»-ը կարողացավ մասամբ քանդել Թուրքիայում արմատացած տաբուները հայերի մասին: Դինքին հաջողվեց թերթի միջոցով հետաքրքրություն առաջացնել իսլամացած հայերի շրջանում սեփական արմատների նկատմամբ, փորձել փնտրել դրանք:
Հայկական խնդիրները Թուրքիայում ներկայացնել՝ վստահ, որ դրանք այնքան էլ ընդունելի չեն տեղի հայերի համար (անվտանգության առումով), մերժելի են Թուրքիայի իշխանությունների համար և, ի վերջո, հասկանալի չեն նաև Հայաստանի իշխանություններին, մասնագիտական խիզախություն էր պահանջում: Հայաստանում, նաև Սփյուռքում, Դինքի պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների առումով բախվում էին ավանդական պատկերացումներին:
Անգամ իր մահով Դինքը շարունակեց կոտրել Թուրքիայում ամրացած կարծրատիպերը, երբ տասնյակ հազարավոր թուրքերը փողոց դուրս եկան «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով:
Հետաքրքիր է, որ Դինքին համարում են Ցեղասպանության նոր զոհ:
Դինքն ինձ համար զարմանալի մի գործիչ է, որն անգամ իր մահից հետո շարունակում է նույն ակտիվությամբ աշխատել: Կարծում եմ «Ագօս»-ի Դինքի աշխատանքի շնորհիվ է նաև, որ Թուրքիայում սկսեցին լույս տեսնել Հայոց ցեղասպանության մասին գրքեր, հոդվածներ: Դինքի շնորհիվ է, որ շատ թուրքեր պատրաստ են առերեսվել իրենց պատմության հետ՝ անգամ ցավոտ եզրակացությունների հանգելու գնով:
Դինքն այսօր շատ պակասում է…
Լիլիթ Ավագյան