Լաչինի միջանցքի փակ ըլլալու հետեւանքով Արցախ վերադառնալ չկարողացող արցախցիները կը շարունակեն բնակիլ Գորիսի հիւրանոցներուն մէջ։
«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներուն ըսած է Սիւնիքի մարզպետ Ռոպերթ Ղուկասեանը:
«Սիւնիքի մարզում ապրում են Աղաւնօ գիւղից եւ Բերձոր քաղաքից հարկադրաբար տեղահանուածներ եւ Արցախի բնակիչներ, որոնք Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն: Արցախցի մեր հայրենակիցները տեղաւորուել են Գորիս քաղաքի հիւրանոցներում, ապահովուած են սննդով եւ կացարանով: Նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն է միշտ նրանց կողքին: Բնականաբար, դա երբեք չի կարող փոխլրացնել այն, որ մարդիկ զրկուած են իրենց տուն գնալու, իրենց երեխաներին տեսնելու հնարաւորութիւնից»,-ըսած է ան:
Անոր խօսքով՝ մարզպետարանին յայտնի չէ գէթ մէկ ընտանիք, որուն անձամբ ինքը կամ մարզպետարանի ղեկավար անձնակազմն այցելած եւ աջակցած չըլլայ: Աղաւնոյէն եւ Բերձորէն տեղահանուածներն ունին նաեւ բնակարաններու գնման վկայականներ:
«Այստեղ հարցը մի քիչ հոգեբանական է: Շատ լաւ կը լինի, որ մարդիկ իրենք վերջնական ընտրեն այն բնակավայրը, որտեղ կ'ուզեն բնակուել: Այն, որ Սիւնիքում աւելի մեծ թուով արցախցիներ կան, կարծում եմ, դա պայմանաւորուած է նրանով, որ նրանք ուզում են հնարաւորինս մօտ լինել այն տարածքին, որտեղից ստիպուած են եղել դուրս գալ»,-ըսած է ան։
Ռոպերթ Ղուկասեանը նաեւ աւելցուցած է, որ սիւնեցիներն արցախցիներուն կ'աջակցին բոլոր հարցերով: