«Արեւելքի»-ի հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ՝ հայրենադարձության եւ այլ հարցերի շուրջ.
-Պարոն Հայրապետյան, խնդրում եմ ներկայացնել Սփյուռքի նախարարության
տեսլականը հայրենադարձության խթանման ուղղությամբ:
-Նախքան հարցին անդրադառնալը թույլ տվեք ասել, որ ուրախ եմ այս հարցազրույցի համար, քանի որ «Արեւելք» կայքը հայաստանյան այն քիչ լրատվականներից է, որ հիմնվել է հենց սփյուռքահայերի կողմից եւ ունի նաև արևմտահայերենի հարուստ բաժին:
Խոսելով հայրենադարձության վերաբերյալ սփյուռքի նախարարության տեսլականի մասին՝ նշեմ, որ այսօր մեր նախարարությունն ունի երեք հիմնական նպատակ՝ նպաստել հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը, սփյուռքում զբաղվել հայապահպանությամբ և համախմբել աշխարհասփյուռ հայության ներուժը: Ինչպես նկատեցիք, հայրենադարձության կազմակերպումը, այդ թվում՝ խթանումը մտավոր ներուժի հայրենադարձությունը, մեզ համար առաջնային նպատակ է: Սա շատ հստակ ամրագրվել է նաև կառավարության ծրագրում:
Թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքում առկա ոգևորությունը շատերի մոտ հայրենիք վերադառնալու, այստեղ հաստատվելու ցանկություն է առաջացրել: Համայնքային գործիչների հետ հանդիպումների ընթացքում ինձ հաճախ են պատմում այս մասին, ու սա և՛ հուզիչ, և՛ անչափ պարտավորեցնող է: Միանգամայն հասկանալի է, որ այսքան կարճ ժամկետում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակում արմատական, շրջադարձային փոփոխություն անելը պարզապես անհնարին է, սակայն մենք հստակ քայլում ենք մեր երազանքի ժողովրդավար ու կայուն երկիրը ունենալու ճանապարհով: Այս պարագայում անչափ կարևոր է, որ սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը որոշում են վերադառնալ և անցնել այդ ուղին մեզ հետ միասին: Յուրաքանչյուր հայրենադարձվողի մենք սպասում ենք գրկաբաց, օգնելու և աջակցելու անկեղծ ցանկությամբ, նրանց իրավունքների պաշտպանության, հավասար գործակցային մթնոլորտ ստեղծելու երաշխավորությամբ: Այդ է պատճառը, որ լրջորեն մտածում ենք հայրենադարձության գործակալության և հիմնադրամի անհրաժեշտության, «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը օրակարգ բերելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ սփյուռքի նախարարությունը չպետք է կազմակերպի հայրենադարձության գործընթացը, սակայն կարող է նոր գաղափարներով հանդես գալ, համակարգողի դերում լինել: Պետք է հստակ լինեն հայրենադարձության գործընթացի կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունները, փուլային, ոլորտային հայրենադարձության կազմակերպման մանրամասները: Այս ամենը, իհարկե, դեռևս ամենանախնական քննարկման փուլում է:
Արդեն իմ հարցազրույցներից մեկում նշել եմ, որ չեմ վախենում հավակնոտ երազանքներ ունենալուց, և վստահ եմ, որ սփյուռքի աջակցությամբ, մեզանից յուրաքանչյուրի ջանքերով ու համառ, անզիջում աշխատանքով մենք կյանքի կկոչենք հայրենադարձության գաղափարը:
-Նախարարությանը հայտնի՞ են նոր տվյալներ հայրենադարձվել ցանկացողների մասին:
-Սփյուռքի նախարարություն են այցելում, զանգահարում, էլեկտրոնային նամակներ ուղարկում բավականին մեծ թվով սփյուռքահայեր, ովքեր հետաքրքվում են հայրենադարձման գործընթացով, պայմաններով, հայտնում իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը վերադառնալու ու բնակություն հաստատելու հայրենիքում: Ընդ որում՝ դիմում են տարբեր տարիքային խմբերի պատկանող, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ: Վերջին 2 ամիսների ընթացքում հայրենադարձման հարցով նախարարություն է դիմել շուրջ 500 սփյուռքահայ:
-Դուք նշում էիք, որ Հայաստանը պատրաստ չէ մեծ ներգաղթի: Խնդրում
եմ մանրամասնեք, թե դեռ ի՞նչ քայլեր են հարկավոր մեծ ներգաղթի
պատրաստ լինելու համար:
-Երբ խոսում ենք հայրենադրձության մասին, մենք նախևառաջ նկատի ունենք հայրենադարձության ինստիտուցիոնալ կազմակերպումը, երբ պետությունն ինքն է կոչ անում վերադառնալ՝ ստեղծելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներն ու պայմանները: Այս առումով մենք դեռ պատրաստ չենք մեծ ներգաղթի: Բաց, ուրախ ու սրտացավ ենք յուրաքանչյուր եկողի համար, սակայն վերոնշյալ հստակ համակարգային մեխանիզմների բացակայության պատճառով պետությունը դեռ չի կարող մեծաթիվ, հարյուր հազարավոր հայրենադարձների ընդունել, պայմաններ ստեղծել, բացառել բոլոր ռիսկերը ու ամբողջապես նպաստել նրանց սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ինտեգրմանը: Եվ այստեղ մեզ պետք է աջակցի նաև Հայաստանի հանրությունը:
-Կա՞ ժամկետ, երբ պետությունը պաշտոնապես կոչ կանի հայերին՝ վերադառնալ հայրենիք:
-Սա ընթացք է, որը ենթադրում է ժամանակ, կամք և ռեսուրսներ: Կամքը մենք ունենք, ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է: Հստակ ֆիքսենք նաև, որ մեր որդեգրած ընթացքն անշրջելի է, և նպատակների իրագործման համար մենք առաջ ենք շարժվում մշակված, տրամաբանված, հաստատուն քայլերով: Կարծում եմ՝ արդյունքները սպասեցնել չեն տա:
-Ի՞նչ ցույց տվեց սիրիահայերի ներգաղթը, ուսումնասիրե՞լ եք իրավիճակը,
ներգաղթի դեպքում առաջնային ի՞նչ խնդիրների են բախվում:
-2012-2018թթ. ընթացքում սփյուռքի նախարարության կողմից ՀՀ պետական մարմինների, հայաստանյան կառույցների, համահայկական, բարեգործական, միջազգային և հասարակական կազմակերպությունների փոխգործակցությամբ իրականացվել են սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության և ինտեգրման տարբեր ծրագրեր և միջոցառումներ: Մենք մշտապես մեր խոշորացույցի տակ ենք պահելու սիրիահայերի խնդիրները: Իհարկե, եղել են շատ սիրիահայեր, ովքեր եկել են Հայաստան, սակայն բախվելով շատուշատ խնդիրների՝ հիասթափվել ու տեղափոխվել են մեկ այլ՝ երրորդ երկիր: Տնտեսական անհավասար մրցակցություն, անօրինություն, ամենաթողություն... այս պայմաններում նման ընթացքն անխուսափելի էր: Այդպիսի երևույթները մենք այժմ բացառել ենք, և անում ենք առավելագույնը՝ բարեկեցիկ ու ապահով միջավայրի ստեղծման համար: Այդուհանդերձ, սփյուռքի նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ այսօր էլ դեռևս առկա են չլուծված կամ մասամբ լուծված հիմնախնդիրներ, առավել հրատապ են մշտական բնակարանով և բարձր վարձատրվող աշխատանքով ապահովման հարցերը: