image

Վարուժան Աւետիքեան հրաժարեցաւ զինուորներու ապահովագրման հիմնադրամի իր պաշտօնէն

Վարուժան Աւետիքեան հրաժարեցաւ զինուորներու ապահովագրման հիմնադրամի իր պաշտօնէն

Զինծառայողներու ապահովագրութեան հիմնադրամի տնօրէն Վարուժան Աւետիքեանը կը հեռանայ պաշտօնէն։

Այս մասին ան գրած է իր դիմատետրեան էջին:

«Յարգելի հայրենակիցներ, Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամի տնօրէնի լիազօրութիւններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանաւորուած է նրանով, որ Հիմնադրամի առջեւ ծառացել են բոլորովին նոր մարտահրաւէրներ, եւ այն պէտք է ղեկավարուի ոչ թէ հասարակական հիմունքներով աշխատող տնօրէնի կողմից, այլ ունենայ լրիւ դրոյքով աշխատող տնօրէն:

Հիմնադրամը ձեւաւորուեց 2017 թուականին` Կեդրոնական պանքի կողմից ու հովանու ներքոյ: Մինչեւ վերջերս հիմնականում Կեդրոնական պանքի կամաւորական աշխատակազմն էր անձնուէր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառոյցը հոգ էր տանում, որպէսզի գործառոյթներն իրականացուեն պատշաճօրէն` ժամանակների հրամայականին համահունչ:

Վերջին պատերազմն ու անոր արդիւնքները ցաւալիօրէն փոխեցին շատ բան:

Ժամանակն է, որ Հիմնադրամն անցնի ձեւափոխման փուլ: Այժմ դրա ճանապարհին ենք: Մասնաւորապէս, վերջին ամիսներին Կեդրոնական պանքի ֆինանսաւորմամբ մենք ձեւաւորել ենք նուիրուած ու մասնագիտական աշխատակազմ, որը գործում է այն գիտակցութեամբ, որ իր աշխատանքը կենսական է հայր, որդի կամ ամուսին կորցրած ընտանիքների կամ հաշմանդամութիւն ստացած զինծառայողների համար: Անցնող ամիսներին եւս Կեդրոնական պանքի ֆինանսական աջակցութեամբ մենք ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք կատարել Հիմնադրամի ենթակառուցուածքների, ինչպէս նաեւ ծրագրային ու ՏՏ համակարգերի մէջ` վստահ լինելու համար, որ որեւէ պայմանում դրանք պատշաճօրէն ու անխափան կը սպասարկեն մեր շահառուներին:

Յայտնում եմ նաեւ, որ թշնամու կողմից սանձազերծուած վերջին պատերազմից յետոյ Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում.

– 1939 զոհուած զինծառայողների ընտանիքների

– 265 ծանր վիրաւորում ստացած զինծառայողների

– 1055 անյայտ կորած զինծառայողների ընտանիքների

Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիառ դրամից աւելի նուիրաբերութիւններ հաւաքագրել աւելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպութիւններից: Ամփոփելով անցեալը եւ չորս տարի շարունակ ղեկավարելով Հիմնադրամն ու առերեսուելով ծառացած մարտահրաւէրների հետ՝ գիտակցում եմ, որ ամէն օր նոր բան եմ սովորել եւ ձգտել եմ հմտութիւններս փոխանցել Հիմնադրամի կամաւորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին ու շահակիցներին: Վստահ եմ, որ կուտակուած փորձառութիւնն ու գիտելիքներն ի սպաս են դրուելու Հիմնադրամի մարտահրաւէրների վրայ օրնիբուն աշխատելու համար:

Առաջիկայ օրերին մենք կը հրապարակենք Հիմնադրամի նոր գործադիր տնօրէնի պաշտօնի մրցոյթի վերաբերեալ յայտարարութիւն եւ կը հրաւիրենք մեր փորձառու հայրենակիցներին՝ մասնակցելու այդ մրցոյթին: Հիմնադրամի խորհուրդը մանրամասն կ'ուսումնասիրի ստացուած դիմումները, եւ վստահ եմ, որ կը կատարի արժանի ու ճիշդ ընտրութիւն: Մինչեւ նոր տնօրէնի ընտրութիւնը ես կը շարունակեմ կատարել պարտականութիւններս, այնուհետեւ կը ծառայեմ Հիմնադրամին այլ կարգավիճակով:

Մինչ այդ շնորհակալութիւն եմ յայտնում անցնող չորս տարիների ընթացքում մեր բոլոր կամաւորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին, հովանաւորներին ու աջակիցներին, որոնք անվարան աջակցեցին Հիմնադրամին ու ինձ` ծառայելու հայրենիքին ու հայոց զինուած ուժերին»,- գրած է Աւետիքեանը: