image

Թուրքիոյ մամուլի ներկայացուցիչներուն խօսելով Փաշինեան ըսաւ ՝ «Այսօր Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը մեր արտաքին առաջնահերթութիւններուն մէջ չէ» 

Թուրքիոյ մամուլի ներկայացուցիչներուն խօսելով Փաշինեան ըսաւ ՝ «Այսօր Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը մեր արտաքին առաջնահերթութիւններուն մէջ չէ» 

Մեր պաշտօնական դիրքորոշումը այն է, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթութիւններու մէջ չի մտներ այսօր։ Այս մասին թրքական լրատուամիջոցներուն տուած հարցազրոյցին նշած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Սա պաշտօնական ձեւակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է եւ կարեւոր, եւ այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով, անընդհատ խօսում եմ եւ Հայաստանում, եւ արտերկրում մեր հայրենակիցների հետ զրոյցում:

Քննարկումներ եւ շահարկումներ կան, խօսք է գնում ուրացման, մեծ եղեռնը ուրանալու կամ մոռանալու մասին: Ես ուզում եմ շատ յստակ լինի, որ Հայաստանում եւ հայութեան շրջանում դա անառարկելի ճշմարտութիւն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականութեան մէջ հնարաւոր չի դա ժխտել կամ ուրանալ, որովհետեւ դա բոլորիս համար անուրանալի ճշմարտութիւն է:

Ես ուզում եմ ուղիղ պատմել, եթէ չեմ սխալւում, Միւնիխի հայերի հետ հանդիպման ընթացքում իմ ունեցած մի ելոյթի մասին, երբ ես ասում էի՝ սիրելի հայրենակիցներ, երբ որ մի հեռաւոր երկրի խորհրդարան կամ կառավարութիւն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգեւորւում ենք։ Երբ այդ ոգեւորութիւնը մարում է, յաջորդ պահին հարց է ծագում՝ այդ որոշումը ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր յարաբերութիւններում:

Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունութեանը, խաղաղութեանը: Այստեղ է, որ հարց է ծագում՝ որտեղ եւ ինչպէս մենք պէտք է կեդրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրայ եւ ինչպէս եւ որտեղ պէտք է մենք կեդրոնանանք մեր իմացած, այդ թւում, պատմական ճշմարտութիւնների ընդգծման եւ այդ ճշմարտութիւնների վրայ յենուելու վրայ»,-ըսած է Փաշինեանը:

Անոր խօսքով, այն ժամանակաշրջանը, երբ այդ մեծ ողբերգութիւնը տեղի ունեցած է, եղած է ժամանակաշրջան մը, երբ չէ եղած Հայաստանի Հանրապետութիւն. «Այսօր կայ Հայաստանի Հանրապետութիւն, միջազգային ճանաչուած պետութիւն եւ այդ պետութիւնը ունի հնարաւորութիւն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգութիւնը եւ բարեկեցութիւնը: Բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, եւ այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։ Ես ասում էի՝ տեսէք, մենք բոլորս կարեւորում ենք խաղաղութիւնը, բայց խաղաղութիւնը առաջին հերթին տարածաշրջանային երեւոյթ է։ Այն խաղաղութիւնը, որը կոնկրետ արդիւնք է բերում մեր երկրի անվտանգութեան եւ բարեկեցութեան համար, այստեղի խաղաղութիւնն է։ Մեզ անհրաժեշտ խաղաղութիւնը այն է, որը հասանելի է մեզ, որ այստեղ է, հիմա է: Դա է դասը իմ ընկալմամբ, որը մենք պէտք է վերցնենք պատմութիւնից»,-ըսած է վարչապետը:

Ան նկատած է, որ Հայաստանի սահմանադրութեան մէջ «արեւմտեան Հայաստան» արտայայտութիւն չկայ. «Վերջերս ես հրապարակային յայտարարեցի, որ իմ ընկալմամբ Արեւմտեան Հայաստանը Հայաստանի Հանրապետութեան Արմաւիրի մարզն է եւ Շիրակի մարզը»,- ընդգծած է ան: