Դեկտեմբերին ու հունվարին վերլուծական և, ընդհանրապես, գրչի աշխարհում տիրապետող ոճ են դառնում ամփոփումն ու կանխատեսումը։ Բնականաբար, ասածս վերաբերում է նաև քաղաքական վերլուծություններին, որոնք թեև ավելի նվազ կարևոր ու գրավիչ են թվում շարքային ընթերցողի համար (եթե համեմատելու լինենք, օրինակ, շոուբիզնեսի այս կամ այն ներկայացուցչի անձնական կյանքին վերաբերող «հուզիչ» ու «համացանցը ցնցող» վերլուծությունների հետ), սակայն բարդ տարածաշրջաններում ապրողների համար դրանք գրեթե պարտադիր են։ Ուստի ես էլ իմ մասնագիտության և հետաքրքրության բերումով ստիպված եմ դիմել կանխատեսումների անշնորհակալ գրական ոճին ու մտածելու այն բանի շուրջ, թե ինչ է սպասվում մեր հարևան Թուրքիային 2018 թվականին։ Բայց մինչ այդ պետք է անեմ երկու կարևոր դիտարկում՝ ինքս ինձ հետամուտ ընթերցողի քննադատությունից մասամբ ապահովագրելու համար։
Առաջին. եթե դուք ուզում եք հնարավորինս արագ ձեռք բերել լավ ու գրագետ քաղաքական պայծառատեսի համբավ ու որոշել եք դա անել որևէ երկրի օրինակով, ապա այս առումով մերձավորարևելյան տարածաշրջանը ձեր ամենասխալ ընտրությունը կլինի։ Ինչպես մի առիթով ասել է արևելագետ Ջ. Բիլլը, ով մտորում էր Մերձավոր Արևելքի մասին ստեղծված ավելի քան 50 տարվա գիտական գրականության շուրջ. «Մերձավոր Արևելքում քաղաքական գործընթացները առհամարհում են դիտարկումները, հավանություն չեն տալիս ընդհանրացումներին և ընդդիմանում են բացատրություններին»։ Մերձավոր Արևելքը, որի մի մասն են կազմում Հայաստանն ու իր հարևանները, իսկապես բարդ է կանխատեսումների համար, քանի որ քաղաքական գործընթացները պայմանավորված են մի քանի, հաճախ իրարամերժ կամ իրար հակասող, գործոններով։ Եթե հայտնի ամերիկացի քաղաքագետ Զ. Բժեզինսկին քաղաքականությունը պատկերավոր նկարագրում էր շախմատի տախտակի վրա ընթացող գործողություններով (որտեղ կարելի է տրամաբանորեն մի քանի քայլ առաջ բավական ստույգ հաշվարկ կատարել), ապա այս տարածաշրջանի պարագայում քաղաքական գործընթացների դիտարկման համար ամենալավ անալոգիան հենց արևելքում շատ տարածված մեկ այլ հանրաճանաչ խաղն է՝ նարդին, որտեղ պետք է խաղալ՝ ելնելով զառերի պատահական զույգերից։ Ասել կուզեմ, որ կարճ ժամանակահատվածում շատ բան կախված է պատահական/հանկարծակի գործոններից։ Այս մասով իմ ամենասիրելի օրինակը կապված է 1960 թվականին Թուրքիայում առաջին ռազմական հեղաշրջման հետ։ 1959թ. հուլիսին ժամանակի ամենահայտնի թուրքագետներից Դ. Ռասթոուն «World Politics» ամսագրում հրապարակել էր «The Army and the Founding of the Turkish Republic» հոդվածը, որը մանրամասն նկարագրում էր թուրքական զինվորականության դերը քաղաքականության մեջ։ Սակայն հեղինակը չէր կանխատեսել, որ իր հոդվածի հրապարակումից մի տարի էլ չանցած թուրքական ԶՈՒ միջին սպայական կազմը կիրականացնի զինվորական հեղաշրջումը։
Երկրորդ. Թուրքիայի մասին կանխատեսումներ անելիս պետք է հաշվի առնել այս երկրի ցայտուն յուրօրինակությունը, որը նկատելիորեն առանձնացնում է նրան Մերձավոր Արևելքի այլ պետական կազմավորումներից։ Եւ դա էլ ստիպում է Թուրքիան մեկնաբանելիս չափազանց զգույշ լինեն։ Բերեմ մի թարմ օրինակ։ Վերջերս աչքովս ընկավ մի վիճակագրություն, որը ներկայացնում էր, թե որ ամսին են ամենաշատ ծնունդները լինում աշխարհի երկրներում։ Համաձայն այդ վիճակագրության՝ Թուրքիայում ամենաշատը ծնունդները լինում են հունվար ամսին։ Թվում է, որ պարզ վիճակագրություն է։ Սակայն Թուրքիան լավ իմացողը շատ արագ կկասկածի այս ցուցանիշի վրա, քանի որ նա գիտի, որ երկրի տարածքում ծնված ամեն երեխա, եթե որևէ պատճառով չունի ճիշտ ծննդյան օրվա գրանցում (օր.՝ ծնողները չգիտեն հստակ օրը, ուշացրել են, չեն տիրապետում թուրքերենին և այլն), ապա նա մեխանիկորեն գրանցվում է կամ ծնված հունվարի մեկին՝ համաձայն ավանդույթի, կամ էլ հուլիսի մեկին՝ համաձայն նոր օրենսդրության։ Նման դեպքերում հետազոտողը առնվազն պետք է ստուգի վիճակագրության աղբյուրը և հաշվարկի մեթոդաբանությունը։ Դե իսկ Թուրքիայի վերաբերյալ կանխատեսում անելիս, բացի վերոնշյալ հանգամանքից, ցանկացած դեպքում պետք է հիշել առաջին կետում շարադրվածը։
18+
2018-ը կարելի է օրգանապես կապված համարել 2017-ին՝ Թուրքիայի ներքին քաղաքականության զարգացման տրամաբանության տեսանկյունից։ Ինչպես որ նախորդ տարի, այս տարի ևս երկրի ներսում ու երկրի շուրջ ընթացող բոլոր գործընթացները այս կամ այն կերպ կապված են լինելու սպասվող նախագահական ընտրությունների հետ։ Եւ եթե անցնող տարի այդ առումով գլխավոր իրադարձությունը ապրիլյան սահմանադրական հանրաքվեն էր, ապա այս տարին ավելի հարուստ կլինի իրադարձություններով, որոնցից որոշները կարող են բոլորովին սպասելիորեն անսպասելի լինել։ Ուզում եմ առանձնացնել հատկապես մեկ կարևոր գործոն, որն էական է լինելու մեր հարևան երկրում երկարաժամկետ զարգացման դիտանկյունից։ Մասնավորապես, դատելով քաղաքական կուլիսներում և փորձագիտական շրջանակներում պտտվող տրամադրություններից, հնարավոր է, որ 2019թ. նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները անցկացվեն ավելի շուտ՝ այս տարի։ Նման քայլի համար Էրդողանն ու իր թիմակիցները ունեն երեք հիմնական պատճառ։
Տնտեսական ցատկ
Թուրքիայի տնտեսությունը առաջին անգամ 2011 թվականից ի վեր գրանցել է 7 %-ոց աճ, որը, հատկապես նախորդ տարվա տնտեսական ցածր ցուցանիշների ֆոնին, շատ գրավիչ է թվում։ Տնտեսական ցուցանիշները շատ կարևոր են Էրդողանի հաղթանակի համար։ 2000-ականներին նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) համակիրների մեծ բանակ ձեռք բերեց առաջին հերթին տնտեսական աճի բարձր տեմպերի հաշվին, այլ ոչ թե լոկ իսլամական օրակարգի (ինչպես հաճախ փորձում են ներկայացնել)։ 2011-ից ի վեր, երբ իշխանությունը պահելը դարձավ Էրդողանի քաղաքական գլխավոր նպատակը և սկսվեց Թուրքիայի շարժը դեպի ավելի ավտորիտար քաղաքական համակարգ, ԱԶԿ ընտրազանգվածի մոբիլիզացիան ապահովելու համար շեշտը դրվեց սուննիական ազգայնականության և հասարակական բևեռացման վրա։ Սակայն տարեցտարի վատթարացող տնտեսական իրադրությունը, որն իր գագաթնակետին հասավ 2016-ին, ԱԶԿ համակիրների շարքերից հեռացրեց զգալի թվով մարդկանց։ Իրենց հերթին 2017թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ իսլամական/ազգայնական մոբիլիզացիան բավարար չէ Էրդողանի մենիշխանությունը պահելու համար։ Ուստի իշխանությունները 2017 թվականի մնացյալ ժամանակահատվածում կենտրոնացրին իրենց ջանքերը՝ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար։ Այս պահին իշխանությունները լայնորեն տարածում են այն փաստը, որ նախորդ տարի գրանցվել է տնտեսական բարձր աճ և չի բացառվում, որ նրանք որոշեն օգտվել այս փաստից և արտահերթ ընտրություններում սա դարձնեն իրենց քարոզարշավի հիմնական թեզը։ Սա հնարավորություն կտա որոշակի առումով ընտրողների ուշադրությունը շեղել առկա ժողովրդավարական այլ խնդիրներից։
Ազգայնական մրցակցություն
Իշխող վերնախավը շատ լավ գիտակցում է, որ իրենց հիմնական ընտրախավը, այնուամենայնիվ, պահպանողական բնակչությունն է, որոնք կազմում են երկրի բնակչության մոտ կեսը և որոնց համար իսլամը և ազգայնականությունը կարևոր թեմաներ են։ Եթե ԱԶԿ հաջողվի իր ազդեցության տակ պահել բնակչության այս հատվածին, ապա ընտրություններում հաղթանակը բավական կդյուրանա։ Ուստի Էրդողանի և ԱԶԿ առջև կանգնած կարևորագույն մարտահրավերներից մեկը չթողնել, որպեսզի որևէ քաղաքական ուժ խլի ռազմավարական նշանակություն ունեցող այս ընտրազանգվածի մի մասը։ Իսկ այդպիսի ուժ կամ դրա հնարավորություն ունի Ազգայնական շարժում կուսակցության նախկին անդամ, նորահայտ «Լավ» կուսակցության (İYİ Parti) առաջնորդ Մերալ Աքշեները, ով ակտիվ քարոզարշավի շնորհիվ հնարավորություն ունի մեկ ու կես տարում հավաքել անհրաժեշտ քանակով ձայներ՝ Էրդողանի հաղթանակը տապալելու համար։
Մինչդեռ արտահերթ ընտրությունները կարող են խանգարել Աքշեներին, որպեսզի նա ամբողջ թափով հասցնի քարոզարշավ ծավալել և համակիրներ «խլել» Էրդողանի բանակից։ Թուրքիայի քաղաքական պատմությունը լի է նմանատիպ նախադեպերով։ Բազմակուսակցական համակարգի անցնելուց հետո բազմաթիվ անգամներ ընտրությունները անց են կացվել սահմանված ժամկետից շուտ, որպեսզի իշխանությունները հակառակորդ կուսակցությանը ընտրություններին պատշաճ պատրաստվելու համար ժամանակ չտան։ Ինքը Էրդողանը արդեն իսկ կիրառել է նման հնարք ոչ վաղ անցյալում. 2011թ.՝ նախատեսվածից մեկ տարի ավելի շուտ անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները, որպեսզի ԱԶԿ-ական իշխանությունները կարողանան օգտվել այդ պահին երկրում հաստատված տնտեսական ու քաղաքական կայունությունից և հեշտությամբ ապահովեն իրենց իշխանությունը ևս մեկ հնգամյա ժամկետով։
Անարդար արդարադատություն
Ինչպես հայտնի է Էրդողանի անմիջական ղեկավարությամբ Թուրքիան վերջին տարիներին կորցրել է տասնամյակներով զարգացրած որոշ կարևոր քաղաքացիական ինստիտուտներ, ինչը նպաստել է կյանքի բոլոր ոլորտներում իշխող վարչակարգի համընդհանուր տիրապետության հաստատմանը։ Այս առումով ամենակարևորը, թերևս, ժողովրդավարական կարևոր բաղադրիչի՝ ազատ ու լեգիտիմ ընտրությունների ավանդույթի կորուստն է, որն արդեն իսկ հանգեցրել է նրան, որ թուրքական նոր սահմանադրությունը հասարակության 50 %-ի մոտ չի ընկալվում որպես օրինական ճանապարհով հաստատված իրավական փաստաթուղթ։
2017թ. մենք ականատես եղանք Թուրքիայում առաջին անգամ վերջին կես դարում ընտրախախտումների։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ դատարանները բոլորովին զրկվել են ինքնուրույնությունից։ Ամենացցուն դեպքը, որը հաստատում է այս միտքը, տեղի ունեցավ վերջերս. նախկին ընդդիմադիր «Zaman» թերթի լրագրողներին ազատ արձակելու սահմանադրական դատարանի հունվարի 11-ի որոշումը ՍԴ-ից ավելի ցածր կարգավիճակ ունեցող դատարանները հրաժարվել են կատարել։ Ազատ դատարանների բացակայությունը փաստացի նշանակում է, որ իշխանությունների համար անցանկալի համարվող ցանկացած մարդ կարող է հեռացվել, մեկուսացվել կամ պատժվել՝ առանց արդարացման որևէ հնարավորության։ Սա, բնականաբար, նախընտրական ժամանակահատվածում ուղղված է առաջին հերթին ընդդիմության ուժերը թուլացնելուն։ Սա է պատճառը, որ մեծացել է Թուրքիայից քաղաքական ապաստան փնտրողների թիվը։ Անազատության և ավտորիտարիզմի այս միջավայրը ամրագրվեց նաև օրերս Freedom House միջազգային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում, որում Թուրքիան տեղ է զբաղեցրել անազատ պետությունների շարքում։ Ըննդիմադիր կամ այլախոհ զանգվածներին լռեցնելու և իշխանության համար լրացուցիչ ազդեցություն ապահովելու համար Էրդողանը և իր թիմը հետևողականորեն ստեղծում և զարգացնում են ոչ պաշտոնական զինված խմբերը (informal security structures)։
Վերոնշյալ բոլոր գործոնները նշանակում են, որ արտահերթ ընտրությունները, որտեղ, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնեն ընտրախախտումներ և վարչական ռեսուրսի մեծաքանակ չարաշահումներ, հնարավորություն կլինի կոծկել և ներկայացնել որպես կայացած, իսկ դրանց արդյունքները՝ արդար ու իրավացի, քանի որ դրանք վիճարկողները զրկված կլինեն անհրաժեշտ գործիքարանից։
Արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը կախված է ոչ միայն Էրդողանի և իր թիմակիցների հաշվարկներից, այլ նաև տարածաշրջանային այն զարգացումներից, որոնք անուղղակի կամ ուղղակի կերպով ազդում են Թուրքիայի վրա։ Ուստի դրանք ևս պետք է հաշվի առնվեն։ Սակայն դրանց մենք կնվիրենք մեր հաջորդ սյունակներից մեկը։
***
Տեսնենք, թե տարվա վերջին սյունակումս, երբ ամփոփելու լինեմ 2018-ը, արածս կանխատեսումը կհաստատի՞ մերձավորարևելյան կանխատեսումների մասին ընդունված պատկերացումը, թե կլինի յուրօրինակ բացառություն, որը դարձյալ կհաստատի օրինաչափությունը։