image

Սիրիահայ տղամարդու զարմանալի ասեղնագործությունները

Սիրիահայ տղամարդու զարմանալի ասեղնագործությունները

Վարդան Սարմազյանը ծնվել է Սիրիայի Քեսաբ քաղաքում՝ հոգեւորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, այդ մասնագիտությամբ աշխատել է մինչեւ 30 տարեկանը: Սակայն երբ նրա հայրն անսպասելի հիվանդացել է, Վարդանը թողել է աշխատանքը՝ հորը խնամելու համար։ Հենց երիտասարդ տարիքում էլ Վարդանը, իր համար էլ անսպասելի, հայտնաբերել է ասեղնագործելու իր տաղանդը, եւ արդեն հասուն տարիքում ձեռքն առել ասեղն ու սկսել գործել: 

Այս արհեստի մեջ նրա առաջին ուսուցիչը մայրն էր. հետո գնացել է Լաթակիա՝ կատարելագործվելու։ Այստեղ էլ որոշել է ուսումնասիրել ձեռագործության տարատեսակները եւ այլ մշակույթներին բնորոշ ուղղությունները։ Ճանապարհները նրան տարել են Չինաստան, Արաբական Էմիրություններ, Եվրոպա։

Վարդանն իր մարդկային տեսակով յուրահատուկ է. նրան չեն կարող վախեցնել ո’չ կյանքի դժվարությունները, ո’չ պայմանականությունները, ո’չ իր առջեւ փակվող դռները։ Պայքարող ոգի ունի, երբեք չի ընկճվում եւ չի բողոքում ոչնչից եւ ոչ ոքից։ Միշտ երախտագիտությամբ է ընդունում իրեն պարզված ձեռքը։ Այդպիսին է նաեւ նրա կյանքի անբաժան ընկերը՝ Մարալը։ Հակասություններ չեն փնտրում մարդկանց մեջ եւ չեն գտնում։

Նրանց պատրաստած սփռոցները, ասեղնագործություններն ուղղակի հիացմունք են պատճառում։ 

Վարդան Սարմազյանը տասնյակ ցուցահանդեսների կազմակերպիչ եւ մասնակից է աշխարհի տարբեր ծայրերում՝ Շանհայում, Թեհրանում, Դուբայում, Մոսկվայում, Ստամբուլում, Փարիզում։

Ինչպես ինքն է ասում՝  երբեք ձեռնունայն չի վերադառնում ցուցահանդեսներից։ Իր իմացածին միշտ մի բան ավելացնում է։

Նյութի աղբյուր՝ roodsmade 

Հենց այս կայքում էլ կարելի է տեսնել եւ գնել Վարդան Սարմազյանի աշխատանքները: