Հունվարի 26-ին՝ մարզային այցելություննների շրջանակում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Լիլիթ Գալստյանը և Մհեր Մելքոնյանը Գյուրիում էին։ Գյումրեցիների հետ հանդիպումը տեղի ունեցավ ՀՅԴ Շիրակի կազմակերպության «Շիրվանյան» կենտրոնում։ Այս մասին հայտնում են «Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջում:
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ ընդհանուր գծերով ներկայացրեց աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի պետականությանն ուղղված մարտահրավերները, ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունների հետևանքով երկրի առջև կանգնած անվտանգային սպառնալիքները, անդրադարձավ նաև այն ռեսուրսներին և երաշխիքներին, որոնք իրապես ի զորու են երկրում կայունություն և խաղաղություն ապահովել։
Ներկաների հուզող հարցերին պատասխանեցին պատգամավորները։ Նաև մտքեր փոխանակվեցին և առաջարկություններ հնչեցին «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերի իրագործման շուրջ։
Հայաստանի տագնապալի ներկայի, անորոշ ապագայի, անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի կողքին բազմաթիվ էին նաև արցախահայության չլուծված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շուրջ մտահոգությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրացված սոցիալական խնդիրները գույքագրել և քննարկել խմբակցության աշխատանքային խմբում։