Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան արձագանգած է երկրի անվտանգութեան խորհուրդի նախկին քարտուղար, պաշտպանութեան բանակի նախկին հրմանատար Սամուէլ Բաբայեանը պետական նախախարարի պաշտօնին նշանակելու կոչին:
Ան ըսած է. «Ելնելով Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեամբ իմ ստանձնած պարտաւորութիւններից ու լիազօրութիւններից, հաւաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ յարգանքից, հաշուի առնելով լսուած լինելու նրանց իրաւունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հաւաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղուանից սկսել քննարկումներ ու խորհրդակցութիւններ նրանց կողմից ներկայացուած առաջարկների ու ծրագրերի շուրջ: Ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա պատրաստ եմ օգտագործել իւրաքանչիւրի գիտելիքները եւ փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգութեան, խաղաղութեան եւ մեր ժողովրդի բարօրութեան: Միաժամանակ ընդգծում եմ, որ յատկապէս այս ճգնաժամային պայմաններում մենք պարտաւոր ենք ցուցաբերել զսպուածութիւն, խոհեմութիւն եւ պատասխանատուութիւն՝ առաջնորդուելով բացառապէս Արցախի Հանրապետութեան ու մեր ժողովրդի շահերով»:
Պետական նախարար նշանակելու միջնորդութեամբ հանդէս եկած է Արցախի օրէնսդիր մարմնի ղեկավար Արթուր Թովմասեան:
Յիշեցնեք, որ 15 մայիսին, Ստեփանակերտի մէջ Սամուէլ Բաբայեանի հրաւիրած հանրահաւաքին մասնակիցները կոչ ուղղեցին՝ Բաբայեանը պետական նախարար նշանակելու։
Հանրահաւաքին խօսք առած է նաեւ Բաբայեան՝ ըսելով. «Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը չկարծի, թէ Սամուէլ Բաբայեանն եկել ու ձեզնից պաշտօն է խնդրում: Որեւիցէ բեւեռ չկայ: Մեզ առաջարկում են միանալ Ռուբեն Վարդանեանի հետ, ՀՅԴի, ԱԺԿի, Բակօ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի հետ: Բոլոր էդ ուժերը 23 տարի ղեկավարել են ու եկել ենք էս վիճակին: Հիմա մեզ առաջարկում են միանալ: Ես միանալու կամ անջատուելու որեւէ խնդիր չունեմ, բայց ուզում եմ հասկանալ՝ միանում ենք՝ ի՞նչ խնդիր լուծենք», նշած է ան: