Չեմ կարծեր, որ ատրպէյճանցիներու լուրջ նահանջ կ'ըլլայ, եւ չեմ տեսներ այն ուժերը, որոնք կրնան անոնց ստիպել նահանջել: Այս մասին 12 Յուլիսին TALK TIME-ի եթերի ժամանակ ըսած է Կովկասի հիմնարկի տնօրէն, քաղաքագէտ Ալեքսանտր Իսքանտարեանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինի վերջին յայտարարութիւնները, որոնք եղած են Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ: Քաղաքագէտի խօսքով՝ Փութինը, առաջին հերթին, կը խօսէր Հայաստանի ու Ատրպէյճանի սահմանին կայունութեան մասին:
«Կարծում եմ՝ նա խօսում էր հաղորդակցութիւնների այսպէս կոչուած ապաշրջափակման մասին: Տեսնում էք, որ ռուսներին պէտք է, որպէսզի մեծ պատերազմ չլինի եւ սահմանը համեմատաբար կայուն լինի: Ըստ ամենայնի, դրանք շատ արագ չեն, բայց, այնուամենայնիւ, որոշակի գործողութիւններ ծաւալուում են այդ ուղղութեամբ: Ընթանում են բանակցութիւններ, որոնց վերջնական արդիւնքը կը լինի Հայաստանի սահմանի այդ հատուածում անվտանգութեան խնդիրները հայկական բանակից ռուսականի վրայ տեղափոխելու հնարաւորութիւնը: Ինչ տեսքով՝ դա արդէն նշանակութիւն չունի: Ռուսները կարծես թէ քիչ թէ շատ համաձայն են դրա հետ»,- պարզաբանած է Իսքանտարեանը՝ աւելցնելով, որ այս պարագային Մոսկուայի եւ Երեւանի շահերը կը համընկնին: Փորձագէտը կը կարծէ, որ այդ ծրագրերը, ամենայն հաւանականութեամբ, կեանքի կը կոչուին: Այնուամենայնիւ, ան նշած է, որ կայ որոշակի օրակարգ, ուր Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնիր:
«Ռուսներին չի հետաքրքրում, թէ ում է պատկանում այս կամ այն քառակուսի քիլոմեթրը: Ռուսներին ընդհանրապէս չի հետաքրքրում, թէ ով է վերահսկում Սեւ լիճը՝ լինի դա Հայաստանը, Ղարաբաղը, թէ Ատրպէյճանը: Նրանց այդ ամէնը չի հետաքրքրում: Նրանք շահագրգռուած են կայունութեամբ որոշակի գծի երկայնքով, որն իրականացուելու է»,- ըսած է քաղաքագէտը: Ընդ որում, ան նշած է, որ եթէ պաշտօնական Երեւանն ունենար ճնշում գործադրելու որոշակի միջոցներ, ինչպէս նաեւ՝ սահմանները իր օգտին սահմանելու պահանջներ, ապա կարելի էր ենթադրել, որ այդ շահերը հաշուի կառնուէին: «Բայց ճիշդ հակառակն է: Ատրպէյճանն ունի այդ միջոցները, մինչդեռ Հայաստանը՝ չունի»,- ընդգծած է վերլուծաբանը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել