Ան շնորհակալութիւն յայտնած է բոլոր ընտրողներուն՝ մօտ 270 հազար մարդ, որոնք վստահած են դաշինքին, հաւատացած եւ՝ իրենց ձայնը տուած: «Բազմաթիւ հանդիպումներ են կայացել: Հպարտ եմ, որ նման ժողովուրդը ձայն է տուել մեզ: Ես տպաւորուած եմ հանդիպումներով»,-ըսած է Քոչարեանը:
Միեւնոյն ժամանակ, ան խոստովանած է, որ արդիւնքներն անսպասելի էին:
«Նոյն «Կելլափ»-ը, որին չի կարելի կասկածել իմ հանդէպ համակրանքի մէջ: Մենք պէտք է փորձենք գտնել բացատրութիւնը: Ենթադրում ենք, որ եղել են զանգուածային խախտումներ: Ակնյայտ է, որ վարչական ռեսուրս է կիրառուել, եւ այդ պատճառով մենք դիմել ենք ՍԴ արդիւնքները բողոքարկելու համար: Շտապները այժմ նիւթեր են հաւաքում»,-նշած է Քոչարեանը:
«Այժմ արդիւնքների մասին մի փոքր այլ համատեքստում: Վստահ եմ, որ մանդատը, որը ստացել է այս իշխանութիւնը, վստահութեան մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են աւելի մարդաշատ, քան իշխանութեան հանդիպումները: Աշխատեց «նախկին իշխանութիւնների վերադարձի» գործօնը: Մենք չկարողացանք կոտրել այդ գործօնը: Իշխանութիւնը վատ է հասկանում՝ ինչ է տեղի ունեցել, եւ կարծում է, որ դա նոր մանդատ է»,-ըսած է Քոչարեանը:
Ան նշած է, որ նոյնիսկ իր աջակիցները հիասթափուած են ընտրութիւններու արդիւնքներէն. «Դրանք նախագահական ընտրութիւններ չեն: Այնտեղ մրցանակը մէկն է: Կայ յաղթող եւ պարտուող: Խորհրդարանական ընտրութիւններում պարտուում են նրանք, ովքեր չեն անցել խորհրդարան: Մէկ հետաքրքիր հանգամանք՝ որքան տոկոս են հաւաքել կուսակցութիւնները, մեր դէմ խաղացողները՝ լաւագոյն ցուցանիշն է, թէ ինչ է տեղի ունենում այդ դաշտում»:
«Միւս քննարկուող հարցը մանդատը վերցնել, թէ չվերցնելն է։ Մենք առայժմ դաշինքում վերջնական որոշում չենք կայացրել։ Իմ անձնական կարծիքը երէկ քննարկել ենք թիմի հետ։ Սէյրան Օհանեանը հետաքրքիր համեմատութիւն արեց։ Մարտական գործողութիւնների ժամանակ, եթէ խնդիրը լրիւ չի լուծուած, բայց խրամատները վերցուած են, պէտք է ոչ միայն պահել, այլեւ ամրացնել դրանք հետագայ գրոհի համար։ Աւելի մեղմ տերմիններով (եզրոյթ) կարելի է կիրառել իրավիճակի հանդէպ։ Մենք ստացել ենք նոր լուրջ հնարաւորութիւններ պայքարը շարունակելու համար։ Ի՞նչ ենք մտադիր անել։ Շարունակել պայքարը։ Խորհրդարանական պայքարը կարող է ուժեղացնել, այլ ոչ թէ փոխարինել փողոցային պայքարին։ Մենք նաեւ փողոցային պայքարի մեծ փորձ ունենք։ Այս համադրութիւնը միայն ուժեղացնում է մեր հնարաւորութիւնները։ Այս ընտրութիւններն էապէս փոխեցին քաղաքական լանդշաֆտը։ Մեր մուտքը քաղաքական պայքարի մէջ ցունամիի պէս մի բան էր քաղաքական դաշտում։ Տեմպը պահելու ենք, դինամիկան պահելու ենք, համոզուած ենք, որ հնարաւորութիւններ ունենք նաեւ մարդկային պոտենցիալի ու ինտելեկտուալ հնարաւորութիւնների առումով։ Հարց է առաջանում. ի՞նչ գործիքանի կը կիրառուի աւելի ուշ, որո՞նք են հեռանկարները։ Իշխանութիւնների երէկուայ հանրահաւաքից յետոյ տպաւորութիւն ստեղծուեց, որ նրանք աշխատելու են նոյն ոգով, ինչպէս 3 տարի։ Ոչինչ չի փոխուի։ Նրանք ձայներն ընկալել են որպէս իրենց հանդէպ վստահութիւն։ Նրանք կարծում են, որ ժողովուրդը համաձայն է եւ ցանկանում է, որպէսզի իրենք շարունակեն այնպէս, ինչպէս անում էին։ Իմ տպաւորութեամբ՝ այլ բան է տեղի ունեցել։ Եթէ վենդետաներն ու ներքին լարուածութիւնը շարունակուեն, ես չեմ կասկածում, որ Հայաստանը կը յայտնուի եւս մէկ արտահերթ ընտրութիւնների առջեւ»,- ըսած է Քոչարեանը։