Վարչապետ Նիկոլ Փաշինեան դիմեած է Առաքելական եկեղեցւոյ հաւատաւոր հետեւորդներուն՝ գործուն քայլեր ձեռնարկելու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրութիւններ կազմակերպելու ուղղութեամբ։
«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ սիրելի հաւատաւոր հետեւորդներ, որպէս Ձեզնից մէկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրութիւններ կազմակերպելու ուղղութեամբ։
Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշուած օրակարգի կազմակերպչական հարցերը կարգաւորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․
ա) իրենց ամբողջ հոգով հաւատում են մեր կենդանի Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին;
բ) գոնէ մէկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստուածաշունչը;
գ) վերջին հինգ տարում գոնէ մէկ անգամ պահել են Մեծ պահքը;
դ) ամէն օր աղօթում են;
ե) հաւատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետութեան շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ աւանդին։
Համակարգող խմբի անդամ կարող են լինել թէ՛ տղամարդիկ, թէ՛ կանայք, թէ՛ աշխարհիկ մարդիկ, թէ՛ հոգեւորականներ։ Կուսակրօն հոգեւորականների դէպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրօնութեան ուխտը։
Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրութեան պատասխանատւութիւնը կը վերցնեմ ինձ վրայ՝ վերը նշուած չափանիշների շուրջ ունեցած զրոյցների գնահատմամբ։
Հետագայում Խումբը ինքը կ՚որոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցուածքը եւ այլ հնարաւոր հարցեր։
Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամութեան վերը նշուած չափանիշների մեծ մասը օբյեկտիւօրէն հնարաւոր չէ ստուգել, բայց շփումներում, զրոյցներում Աստծոյ օգնութեամբ հնարաւոր է պարզել, հնարաւոր է տեսնել հոգու աչքերով։
Վերը նշուած չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկուելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախօսի համարը ուղարկել nikolpashinyan@gmail.com ել․ փոստի հասցէին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։
Խնդրում եմ կարճ գրել նաեւ Ձեր մասնագիտութեան եւ/կամ զբաղմունքի մասին։
Համակարգող խմբի ձեւաւորումը տեղի կ՚ունենայ աշխատանքային կարգով, մինչեւ Խումբը ինքը կ՚որոշի յայտարարել իր մասին։
Մեր այս գործունէութեան ընթացքում գայթակղութեան բազմաթիւ խօսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամէնին նայէք Ձեր հոգու աչքերով, լսէք մեր կենդանի Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդուէք ըստ այդմ», - գրած է ան։