image

ՓյուԴըՓայն ու Հոբոս Ապերը

ՓյուԴըՓայն ու Հոբոս Ապերը

-Մամ, բայց դու ինչ հետամնաց ես, չգիտես նույնիսկ թե ՓյուԴըՓայն ո՞վ է,-ասում է իննամյա որդիս:

-Ո՞վ է,-հարցնում եմ, ընդունելով հետադիմությունս՝ փոքրիկ տղայի շուրթերից դժվար արտասանվող անվան դեմ:  

-Ինքը հայտնի գրող ա, հաղորդավար, շատ հարուստ ա,-պատասխանում է:

-Ի՞նչ գրող…

-Դե քո իմացած սովորական գրողներից չի, ինքը ուրիշ գրող ա, նորերից, Յութուբուի աստղն ա: Հաղորդում ա վարում, գրքեր ա գրում, ամենահայտնի մեկնաբանն ա, օրական տասնհինգ հազար դոլար ա աշխատում:

-Հնարավոր չի, օրական այդքան:

-Հնարավոր ա, ինտերնետում ամեն ինչ հնարավոր ա…,- ասում է փոքրիկ երեխան ու պատմում  իր հերոսի մասին (նույնիսկ իսկական անունը գիտի` Ֆելիքս),  թե ինչպես է վերջինս թվային աշխարհում կառավարում իր գործը, եւ ինչպիսի ուրիշ թվային հերոսներ կան, որոնց շատ հեշտությամբ հետեւում է աշխարհը…

Ա՜յ քեզ թվային սերնդի վառ ներկայացուցիչ. ծնված թվային (born-digital), ինչպես ասում են այսօր այս երեխաների մասին: Մենք՝ մեծերս, ինչքան էլ պահենք, թաքցնենք տան պլանշետները,  այ-փադները եւ մյուս սարքերը, արգելենք նրանց զբաղվել դրանցով, մեկ է, նրանց մտածողությունը կառուցվում է այդ սարքերի եւ 3D իրականության շուրջ:  Բազմաթիվ տեսություններ եւ ուսումնասիրություններ են ի հայտ գալիս այս սերնդի մասին՝ ապացուցելով եւ հաստատելով, որ այս սերնդի մտածողությունը թվային է, լրիվ բնական է, որ նրանք մեծ ձգտում ունեն դեպի համակարգիչներն ու նրա մեջ կառուցվող աշխարհը:   Այն երեխաների համար, որոնց ծնվելուց հետո արդեն գոյություն են ունեցել համակարգիչները, ձեռքի հեռախոսները եւ նմանատիպ այլ սարքեր,  դրանք  իրենց կյանքին մաս կազմող իրեր են, իսկ մենք՝ նրանց ծնողները, ըստ սերունդների տեսությամբ զբաղվող մասնագետների, համարվում ենք թվային ներգաղթյալներ: Այսինքն՝ ավելի լավ է լռենք որոշ դեպքերում, երբ խոսում եւ մտածում են նրանք:

Պարզվում է՝ սոցիոլոգիական  հսկայական տվյալներ են մշակվել իրարահաջորդ սերունդների մասին, եւ այդ բանաձեւումների մեջ այսօրվա սերունդը՝ այն սերունդը, որ ծնվել է 2000 թվականից հետո, այս իրականության տերն է, այդ սերնդի ներկայացուցիչներին  անվանում են homelanders: Մեծերս ակնհայտորեն ետ  ենք մնում թվային զարգացումից:  Մեր երեխաները մեզնից անկասկած ավելի լավ են պատկերացնում այս իրականությունը, որ  խելահեղ կերպով դառնում է թվային: Նրանց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են մարդիկ հերթ կանգնում վճարումների կամ այլ գործողությունների համար, երբ դա կարելի է անել տնից, ձեռքի հեռախոսներով, մի հպումով…  Իմ մեծ որդուն զարմացնում է թղթերի անհասկանալի գոյությունը՝ մեր տանը, կտրոնների, պատճենահանված դասերի, գրքերի, տեղեկանքների կույտերը, որոնց մեծ մասի վրա ստորագրություններ եւ վավերացումներ են…  Վավերականությունը, ըստ նրա, գոյություն կարող է ունենալ միայն թվային աշխարհում: Նրա համար ամեն ինչ տվյալ է՝  նոր գործիքների միջոցով ծնվող, մշակվող, պահպանվող… Ի՞նչ անես այսպիսի երեխաների հետ. իհարկե, դու չես կարող անվերջ արգելել նրանց՝ օգտվել համացանցին միացված սարքերից, որովհետեւ համացանցն ու այդ սարքերը միայն տանը չէ, որ հասանելի են,  նրանք այդ ամեն ինչին առնչվում են տնից ոտքը դուրս դնելուց անմիջապես հետո, ուր էլ գնում են,  եւ տնային քո զրկանքը բռնություն է դիտվում նրանց տեսանկյունից: Գալիս է մի պահ, որ վեր ես պարզում ձեռքերդ եւ ընդամենը պարտականություն ես որդեգրում արգելելու փոխարեն հնարավորություն տալ նրանց՝  օգտվել թվային աշխարհի բարիքներից:

«Նա այսօրվա գրողներից է, քո իմացած գրողներից չէ»,-համացանցային իր հերոսի մասին տղայիս ասածը հիշեցնում է իմ իմացած գրողները: Ինչքա՜ն դժվար էր տեսնել նրանց դեմքը նույնիսկ լուսանկարով:  Հիշում եմ հատկապես իմ կյանքում «հայտնված» առաջին գրողին: Նա հանդիպման պիտի գար մեր գյուղի դպրոց, եւ առաջին անգամ  իսկական գրող տեսնելու աներեւակայելի հնարավորություն ունեինք, հատկապես ընթերցասեր մանուկներս: Դպրոցի գրադարանում գտնվող նրա մանկական գրքերի վրա նույնիսկ լուսանկարը չկար, դասագրքերում նույնպես բանաստեղծությունը կար, լուսանկար չկար, հեռուստատեսությամբ դեմքը տեսած չկայինք: Ի՜նչ թվային աշխարհ, ի՜նչ բան… Միայն անունը գիտեինք՝ Հոբոս Ապեր:   Ուրեմն, գյուղի մեր դպրոց հանդիպման պիտի գար հենց ինքը՝ Հոբոս Ապերը: Մի ամբողջ արարողություն էր նրան ընդունել-ճանապարհելը: Մայրս դպրոցում ուսուցչուհի էր, եւ այդ ամբողջ արարողությունից նրան բաժին էր հասել խաշլաման պատրաստելու հատվածը: Նա ամբողջ գիշեր խաշլամա էր եփում՝ դպրոց տանելու եւ Հոբոս Ապերի դիմավորման սեղանին դնելու համար: Ինչպիսի՜ դժվար ու ծանր արարողություն… Ո՜ւր էինք ապրում ընդհանրապես: Դիմավորման, ճանապարհման արարողությունը տեղի ունեցավ մանուկներիս համար խորհրդավոր պայմաններում,  ո՞նց եկավ Հոբոս Ապերը, ո՞նց գնաց, մենք՝ երեխաներս այդպես էլ չտեսանք, ոչ մի լուսանկար, ոչ մի կադր, ոչ մի ուրվագիծ...  Ամեն ինչ շատ խորհրդավոր էր ու գաղտնի: Պարզ է՝ հանդիպումը մեծերի հետ էր, իզուր էինք ոգեւորվել: 

Այսօր էլ, երեսուն տարի հետո, ինչքան էլ աշխարհը թվային է, անհնար է գտնել մի լուսանկար, որը կպատկերի մանկագիր Հոբոս Ապերին՝ առաջին գրողին, որին մոտիկից տեսնելու հնարավորություն ունեի:

 


 

ՓյուԴիՓայը՝ կարիճ  ուտելուց


 

Հոբոս Ապեր

Անհաշտ ծիտիկները

 

Չար ու անհաշտ

Երկու ծիտիկ

Գտան մի մեծ

Գարու հատիկ:

Եվ այդ չնչին

Գարու համար,

Քաշքշեցին

Նրանք իրար:

- Գարին իմն է,

Դրա համար

Ջուրն եմ մտել:

- Իմ ի՞նչ գործն է,

Ա՜յ անփետուր,

Գարու կեսը

Կտրիր՝ ինձ տուր...

Եվ ծիտիկներն

Անմիտ ու չար,

Գզգզեցին

Նորից իրար:

Թռան ծառին,

Իջան քարին,

Մինչև կորցրին

Գտած գարին: 


Անուշ Թրվանց

Անուշ Թրվանց

Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հա...