image

Պէտք է քայլեր ձեռնարկել հայ գերիներու իրաւունքներու խախտումները կասեցնելու համար. Յանձնախումբ

Պէտք է քայլեր ձեռնարկել հայ գերիներու իրաւունքներու խախտումները կասեցնելու համար. Յանձնախումբ

Արցախի ժողովուրդի հիմնարար իրաւունքներու պաշտպանութեան յանձնախումբը յայտարարութիւն տարածած է այն մասին, որ անհրաժեշտ է անյապաղ քայլեր ձեռնարկել Ատրպէյճանի կողմէ հայ ռազմագերիներու՝ Ժընեւեան համաձայնագրով ամրագրուած իրաւունքներու խախտումները կասեցնելու համար.

Արցախի ժողովուրդի հիմնարար իրաւունքներու պաշտպանութեան հարցերով յանձնախումբը ստեղծուած է յունուար 18-ին, որու նպատակը Արցախի ժողովուրդի հաւաքական հայրենադարձութեան եւ հիմնարար այլ իրաւունքներու պաշտպանութիւնն է։ Յանձնախումբի աշխատանքներու համակարգումը պիտի իրականացնէ ՀՀ նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանը:

«Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն լրջօրէն անհանգստացած է վերջին հաղորդագրութիւններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրաւունքների կոպտագոյն խախտումները, մասնաւորապէս հանրային հետաքրքրասիրութիւնից զերծ մնալու իրաւունքի հիմնարար սկզբունքի առնչութեամբ, որն ամրագրուած է ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժընեւի երրորդ կոնվենցիայում: Այս գործողութիւնները ոչ միայն դատապարտելի են բարոյական տեսանկիւնից, այլեւ ուղղակիօրէն հակասում են միջազգային մարդասիրական իրաւունքին:

Ժընեւի երրորդ կոնվենցիայի 13-րդ յօդուածն ուղղակիօրէն արգելում է ռազմագերիներին ենթարկել հանրային հետաքրքրասիրութեան: Ադրբեջանում ռազմագերիներին պատկերող տեսանիւթերի հրապարակային հեռարձակումն այդ կոնվենցիայի համաձայն նրանց անձնական կեանքի եւ արժանապատւութեան անձեռնմխելիութեան իրաւունքի կոպիտ խախտում է: Ժընեւի 4-րդ կոնվենցիայի 27-րդ յօդուածը նոյն կերպ արգելում է նման հրապարակային ցուցադրութիւնները քաղաքացիական անձանց դէմ: Աւելին, այս գործողութիւնները խախտում են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, որը հաստատում է գաղտնիութեան եւ անձնական կեանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրութեան կամայական միջամտութիւնից պաշտպանուելու իրաւունքը:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդների հետ բեմադրուած հարցազրոյցների հեռարձակումը նրանց իրաւունքների ուղղակի խախտում է եւ աւելի է խորացնում նրանց առանց այն էլ ծանր վիճակը: Ադրբեջանի նման մանիպուլեատիւ մարտավարութիւնը ծառայում է միջազգային մարդասիրական իրաւունքի ամբողջականութեան խաթարմանը եւ պէտք է անվերապահօրէն դատապարտուի միջազգային հանրութեան կողմից:

Այս աղաղակող խախտումների լոյսի ներքոյ կոչ ենք անում պետական գործիչներին եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններին ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ թոյլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների եւ պատանդների հետ տեսանիւթեր կամ հարցազրոյցներ: Սա ներառում է դիւանագիտական ուղիների օգտագործում, անհրաժեշտութեան դէպքում պատժամիջոցների կիրառում եւ հրապարակային դատապարտում ՝ Ադրբեջանին իր գործողութիւնների համար պատասխանատւութեան ենթարկելու համար ։

Մենք վճռականօրէն ընդգծում ենք, որ այլ մասնակից պետութիւնների կողմից նման տեսագրութիւնների ցանկացած վերահեռարձակում թոյլ տալն ինքնին ոչ միայն Ժընեւեան երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների կոպիտ խախտում է, այլ նաեւ մարդասիրական իրաւունքի հիմնական սկզբունքների դատապարտելի անտեսում։ Հետեւաբար, չափազանց կարեւոր է, որ մասնակից բոլոր պետութիւնները հրատապ եւ վճռական գործողութիւններ ձեռնարկեն՝ կանխելու ադրբեջանական նման տեսանիւթերի որեւէ վերահեռարձակումը իրենց իրաւասութեան տակ գտնուող սերվերների, լրատուամիջոցների հարթակներում»,-նշուած է յայտարարութեան մէջ։