Պէտք է սկսենք լայն երկխօսութիւն հանրութեան հետ, խօսենք ժողովրդի հետ, լինենք Երեւանի տարբեր թաղամասերում եւ խօսենք մարդկանց հետ: Մարդիկ լսելու եւ լսուելու կարիք ունեն, մարդկանց հետ պէտք է լինել ազնիւ, բաց եւ թափանցիկ:
«Չեմ համարում, որ պայքարը ձախողուեց, այն այս փուլում չյաջողուեց, բայց պայքարը շարունակելու ենք եւ հասնելու ենք մեր նպատակին անպայման»: Այս մասին ըսած է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը․
«Այս փուլում պէտք է սկսենք լայն երկխօսութիւն հանրութեան հետ, խօսենք ժողովրդի հետ, լինենք Երեւանի տարբեր թաղամասերում եւ խօսենք մարդկանց հետ: Մարդիկ լսելու եւ լսուելու կարիք ունեն, մարդկանց հետ պէտք է լինել ազնիւ, բաց եւ թափանցիկ: ԱԺ-ն այլեւս այն վայրը չէ, որտեղ պէտք է գործունէութիւն ծաւալենք, դա չի նշանակում, որ իմ միւս գործընկերները սխալւում են, մի գուցէ ես եմ սխալւում: Ժողովուրդը մեզ տուել է մանտաթ այս իշխանութիւններին վռնտելու համար: Իմ ընտրողը ինձ չի տուել մանտաթ, օրինակ, սնդիկի մասին օրէնքը քննարկելու»:
Վանեցեան ըսաւ, որ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը պիտի մնայ, պարզապէս անոր մէջ ներկայացուած պիտի չըլլան «Հայրենիք» կուսակցութեան անդամները: Ան նշած է, որ անկուսակցական պատգամաւորները ազատ են իրենց որոշումներուն մէջ` կրնան մնալ խորհրդարանին մէջ կամ չմնալ:
«Իմ եւ «Դիմադրութիւն» շարժման օրակարգերը եւ նպատակը համընկնում են, ուղղակի դրան հասնելու ճանապարհներն են տարբեր: Շարժումը ունեցել է որոշակի յաջողութիւններ եւ որոշակի բացթողումներ, դրա համար դեռ չի հասել նպատակին: Շարժումը կանխել է հնարաւոր կապիտուլեացիոն փաստաթղթերը, ցոյց է տուել, որ Փաշինեանը չի կարող գնալ միակողմանի զիջումների ու երկրորդ կապիտուլեացիայի: Սա համազգային շարժում է` ղարաբաղեան շարժման նման», յայտարարեց Վանեցեան: