Մի քանի օր առաջ իշխանութիւնը Էտմոն Մարուքեանի շուրթերով հրապարակեց 6 կէտնոց պատասխանը, որ յղած են` ի պատասխան Ատրպէյճանի 5 կէտերուն: «Հրապարակ» թերթը այդ կէտերուն վերաբերեալ մեկնաբանութիւն խնդրած է «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանէն:
«Նախ, դժուար է ներկայացուած կէտերը փաստաթուղթ անուանել: Պարզապէս զաւեշտալի է, երբ պետութեան անունից նման մակարդակի արձագանք է լինում` սկսած կառուցուածքից մինչեւ բովանդակութիւն: Սա պարզապէս խայտառակութիւն է: Ինչ վերաբերում է հարցին` բաւարարո՞ւմ է արդեօք այն մեր ակնկալիքները, ապա վստահաբար կարող եմ ասել` ո՛չ: Պաքուի կողմից ներկայացուած այդ հինգ սկզբունքներին, որոնց, ի դէպ, իրենց համաձայնութիւնը Հայաստանի իշխանութիւններն արդէն ամենաբարձր մակարդակով տուել էին, չեղաւ յստակ արձագանք, աւելին` նման արձագանքի արդիւնքում վերահաստատուեց այն պնդումը, որ այս իշխանութիւնները լիովին համաձայն են եւ գնում են ադրբեջանական օրակարգով յարաբերութիւնների կարգաւորման:
Այդ վեց կէտերով, փաստացիօրէն, Նիկոլ Փաշինեանն ու իր թիմն ընդունում են Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, որեւէ կերպ չեն անդրադառնում Արցախի ինքնորոշման իրաւունքին, նորից ամրագրում են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու փաստը: Ուրեմն Ատրպէյճանի ներկայացրած հինգ սկզբունքներին, որոնցից առաջին երեքը, ուղղակի կամ անուղղակի կերպով, բացառապէս ուղղուած էին Արցախից մէկընդմիշտ հրաժարուելուն, այս իշխանութիւնները պատասխանում են ձեւակերպմամբ, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգութեան երաշխաւորման, նրանց իրաւունքների եւ ազատութիւնների յարգման, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերըէ:
Ուշադրութիւն` ոչ մի խօսք արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի, այդ իրաւունքի` առանց սահմանափակումների իրացման մասին, ոչ մի խօսք այն մասին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի յստակեցուի` որպէս արցախահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիք, ճիշդ հակառակը:
Ակնյայտ է, որ Պաքուի առաջարկներին նման արձագանքը եւ այդ արձագանքի` այս ձեւով հանրայնացումն ինչ-ինչ խնդիրներ են լուծում իշխանութիւնների համար: Այն ծառայում է, այդ թւում, Ատրպէյճանի շահերին` օրինականացնելով ատրպէյճանական յարձակումը: Այս ամէնին զուգահեռ ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի հետ դա որեւէ աղերս չունի: Հերթական պարտուողական ժեսթն է պարտութեան խորհրդանիշ դարձած այս իշխանութիւնների կողմից:
Ընդհանրապէս, մեր երկրի տէ ֆաքթօ իշխանութիւնն այդպէս էլ չհասկացաւ, որ պետութիւն է ներկայացնում, եւ ինչպիսին որ իրականում կայ, այդպէս էլ ներկայանում է աշխարհին ու այդպէս էլ պաշտպանում է մեր շահերը` ծեծ կերած փնթիի պէս: Դա ի՞նչ պատասխան է, որ դուք էք տալիս. ձեզ ասում են` եկել ենք 5 կէտով ականջներդ քաշենք, դուք ասում էք` հա, բայց դէմքիս թքել չկա՞: Դուք հասկանո՞ւմ էք` որտեղ էք յայտնուել, հասկանո՞ւմ էք` ինչի հետ էք խաղում. ձեր տներում պատմութեան դասագիրք չկա՞, թերթէք` գուցէ հասկանաք պատահմամբ` ինչ ազգի ճակատագրի տնօրինողներն էք: Պատահմամբ, սխալմամբ, խիստ ժամանակաւոր: Հեռացե՛ք, տղերք, դա ձեր խելքի բանը չէ»: