Սիւնիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղուած աշխատանքային խումբը իրականացուցած է հրատապ փաստահաւաք աշխատանքներ: Այս մասին
ՀՀ ՄԻՊ գրասենեակի հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս, կ'ըսուի. «Փաստահաւաք աշխատանքի համար կարեւոր նշանակութիւն են ունեցել Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Սիւնիքի մարզային ստորաբաժանման հաւաքագրուած տեղեկութիւնները, քանի որ մինչեւ հրապարակային ահազանգերի ստացումը մեր Սիւնիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մէջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թւում` Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ:
Փաստահաւաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի եւ բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթողի ու Շինատեղ կոչուող գիւղատեղիի յարակից տարածքները եւ փաստագրել է բնակիչների իրաւունքների իրացման խնդիրները:
Զրոյցների ու քննարկումների արդիւնքում արձանագրուել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթողի եւ Շինատեղ կոչուող գիւղատեղիի յարակից բլրի վրայ 2022 թուականի մարտի սկզբին ադրբեջանական զինուած ուժերի տեղակայումը, այդ թւում` մի քանի վրանների տեղադրումը եւ իրենց դիրքերից թիկունք կառուցուող նոր ճանապարհները, նոր են: Բնակիչները նախկինում նշուած տարածքում չեն նկատել ատրպէյճանական զինծառայողների կամ որեւէ դիրք` նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հաւաքել:
Ստեղծուած իրավիճակում կարեւոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահութիւնը եւ հողագործութիւնը:
Ատրպէյճանական զինուած ուժերի կողմից նոր դիրքաւորման արդիւնքում ուղիղ նշանառութեան ու դիտարկման տակ են յայտնուել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթողի, եկեղեցին, ինչպէս նաեւ գիւղի արօտավայրերի մեծ մասը` մօտ 50 հա, ինչպէս նաեւ մի քանի գիւղացիների վարելահողերը եւ այգիները: Անասնապահութեամբ ու գիւղատնտեսութեամբ զբաղուող բնակիչների համար այս իրավիճակը լրջագոյն դժուարութիւններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար:
Աշխատանքային խումբն արձանագրել է նաեւ, որ 2022 թուականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սիւնիքի մարզպետը եւ ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ: Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները:
Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաեւ Կապան համայնքի ղեկավարի, Սիւնիքի մարզպետարանի եւ այլ իրաւասու պաշտօնատար անձանց հետ:
Մարդու իրաւունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թւում` Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին»: