Կրոսմայսթըր, շախմատի ողիմպիական ախոյեան Լեւոն Արոնեանը ֆէյսպուքեան էջով գրած է․
«Սիրելի բարեկամներ,
Այսօր` Ապրիլի 24-ին, մենք յիշում ենք ցեղասպանութեան 107-րդ տարին: Իրադարձութիւն` որն արմատապէս փոխեց մեր ազգի ուղին: 1915 թուականին իմ եւ ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսուեցին մեր նախնիների հողերից, սպաննուեցին կամ ստիպուած եղան յարմարուել այլ ազգերի ու մշակոյթների հետ ձուլմանը:
Որպէս ազգ մենք սովորցինք մի դառը ճշմարտութիւն. շատ քչերին է մտահոգում անարդարութիւնն ու չարիքը, եթէ հէնց իրենց չի ուղղուած կամ անմիջականօրէն չի բախւում իրենց շահերին:
Ոմանց համար այս փաստը կարող է յուսահատեցնող լինել, բայց ես հաւատում եմ, որ այն կարող է աշխատել մեր օգտին. Դաւիթը դուրս եկաւ Գողիաթի դէմ, հասկանալով, որ անհամեմատ փոքր է, եւ որ իր միակ առաւելութիւնն իր քաջութիւնն է: Մենք` հայերս, պատառոտուած, թուլացած, ամբողջովին կամաւորներից կազմաւորուած բանակով, պաշտպանեցինք ապրելու մեր իրաւունքը` 1918-ի Սարդարապատի ճակատամարտում` հետ մղելով հայութիւնն իսպառ բնաջնջելու մոլուցքով տարշւած թուրքական մեծաթիւ բանակը:
Գոյատեւման վտանգը միշտ էլ հետապնդել է մեզ: Եւ ինչպէս ցոյց տուեցին վերջին տարիների իրադարձութիւնները, մեր թշնամիները երբեք չհրաժարուեցին իրենց նկրտումներից` փորձելով կեանքի կոչել Օսմանեան կայսրութիւնը:
Դժուար է հայ լինել ու հայ մնալ: Քանի դեռ յիշում ենք ու պահպանում մեր ինքնութիւնը` մշակութային, կրօնական, պատմական առումով, բախւում ու բախուելու ենք մեզ դարեր շարունակ հետանպնդող վտանգին:
Եկէք բոլորս լինենք ուժեղ ու հպարտ` որպէս ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ, որը սակայն երբեք չի դադարել ապրել ու ստեղծագործել: Մենք պիտի շարունակենք ցոյց տալ մեր գոյութեամբ, որ չնայած մենք փոքր ազգ ենք, միեւնոյնն է, կարող ենք եւ պիտի պայքարենք արդարութեան համար, շարունակելով յարգել մեր աւանդոյթները եւ միասնական լինելով որպէս մէկ ազգ` Ստեփանակերտից մինչեւ Երեւան»: